Վայոց Ձորի խնդիրները գինու փառատոնի նախաշեմին


«Մարդը կարիքի մեջ» չեխական հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը լրագրողական այց էր կազմակերպել Վայոց Ձորի մարզ: Ինչպես բոլոր մարզերում Վայոց Ձորում ևս խնդիրները շատ են: Մարզը նախապատրաստվում է նշել գինու փառատոնը, սակայն մինչ այդ գյուղացիները կանգնած եմ խաղողի մթերման դժվարությունների առջև: Այստեղ հիմնականում աճեցնում են խաղողի Արենի սորտը: Մարզում ամիսներ առաջ մասամբ լուծվել է բանջարեղենի իրացման խնդիրը:
«Ով աշխատում է, նա ամեն ինչ ունի»,- Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի բնորոշումն է տեղի բնակիչների վերաբերյալ: Վայոց Ձորի մարզում բնակվում է գրեթե 58 հազար մարդ, որոնց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն ու անասնապահությունն է: Գյուղատնտեսական տարին բարենպաստ էր, բացի հացահատիկային մշակաբույսերից, որն էլ պայմանավորված էր երաշտով: «Այս տարի 1021 հեկտար ավելի հացահատիկի վարուցանք ենք արել, ցավոք սրտի, տեղումների տևական բացակայության պատճառով երաշտ եղավ և մեր տնտեսությունները տուժեցին», — նեղսրտեց մարզպետը:
Վայոց Ձորը հայտնի է խաղողի էնդեմիկ Արենի սորտով, որից ստացված գինին կարելի է համարել Վայոց Ձորի հիմնական ապրանքանիշը: Մարզի այգեգործները նաև հմուտ գինեգործներ են: Խաղողի բերքի մի մասն են հանձնում, մնացածի վերամշակմամբ իրենք են զբաղվում՝ սեփական ձեռքերով և անհատական տեխնոլոգիայով: Վայոց Ձորում գործում է խաղող վերամշակող ինը ձեռնարկություն, որոնք ունեն նաև իրենց սեփական մշակության այգիները: Մարզում այս տարի խաղողի բարձր բերք է սպասվում, սակայն գյուղացիները դժգոհում են մթերման ցածր գնից: Մարզպետ Հարություն Սարգսյանը տեղեկացրեց, որ վերամշակող բոլոր կազմակերպությունները պատրաստ են մթերել խաղող, գինն էլ սահմանել ըստ որակի և շաքարայնության՝ ոչ պակաս 200 դրամից:
Ձեռնարկատերերը նաև սահմանափակել են մթերվող բերքի քանակը: Նախորդ տարում մարզում արտադրվել է մոտ 5111 տ խաղող, որից մթերվել է ավելի քան 3000տ, ըստ մարզպետի՝ այս տարի ևս սպասվում է նույնքան բերք: Գյուղացիներն անհանգստացած են բերքի իրացամբ՝ մտավախությամբ, խաղող վերամշակող ձեռնարկությունները չեն ընդունի իրենց բերքը, քանի որ չեն արտահանում արտադրանքը: «Գինի արտադրողներն արտահանման հետ կապված որևէ խնդիր չունեն, ուղղակի տարադրամի փոխարժեքի տատանման և ցածր արժեքի հետ կապված ապրանքը դուրս չեն հանում, բոլորը վնասներ են կրում, տարաները լիքն են»,- մեկնաբանեց Վայոց Ձորի մարզպետը և միաժամանակ վստահեցրեց, որ աշխատանքներ են տանում խաղողի իրացման ուղղությամբ:
Գյուղատնտեսական ապրանքների իրացման խնդիրը մարզում մասամբ լուծվել է Եղեգնաձոր քաղաքի պահածոների գործարանի վերագործարկմամբ, որի գործունեությունը դադարեցվել էր խորհրդային կարգերի փլուզումից հետո: Հունիսի կեսից այն գրեթե մտել է բնականոն հունի մեջ և արդեն ունի 26 անուն արտադրատեսակ, որից 4-ը՝ աջիկան, խավիարը, բանջարեղենի խորովածը և մարինադը վերջերս են սկսել արտադրել: Եղեգնաձորի պահածոների գործարանի հիմնադիր տնօրեն Սարգիս Պողոսյանը տեղեկացրեց, որ իրենց արտադրանքը մասամբ սպառվելու է ներքին շուկայում, մնացածն արտահանվելու է Ռուսաստան, Բուլղարի և Բելոռուսիա՝ «Վկուս Արմենիի» ապրանքանիշով: Գործարանում ապահովված է 240 մարդու զբաղվածություն:
Մանյա Երջանիկյանը մինչև գործարանի բացումը աշխատանք չի ունեցել, արտադրությունում կաթսայավար է աշխատում, աշխատավարձից էլ չի դժգոհում. «Այժմ աշխատում ենք գերծանրաբեռնված,քանի որ ապրանքները շատ են, բայց ամսվա մեջ 4 օրը հանգստանում ենք»:
Գործարանի տնօրեն Սարգիս Պողոսյանը նշեց, որ արտադրության ընդլայնման նոր հեռանկարներ կան, սեզոնից բացի ձեռնարկությունը կաշխատի նաև ձմռանը՝ պահպանելով աշխատուժի 80 տոկոսը:
Վայոց Ձորում զարգացած է նաև անասնապահությունը, որը ըստ մարզպետ Հարություն Սարգսյանի՝ նույնպես եկամտաբեր ճյուղ է, մեջբերելով Հորս գյուղի ֆերմերի օրինակը, ով անասնապահությամբ կարողացել է ապահովել ընտանիքի կարիքներն ու լուծել՝ հոգսերը:
Ասել է, թե՝ ով բեջարում է, նա էլ ստեղծում է: