Հայաստան-Ռուսաստան համագործակցության գործարար հանդիպում՝ Երեւանում


Երևանի առևտրաարդյունաբերական պալատի, ՀՀ-ում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության, Տոմսկի առևտրաարդյունաբերական պալատի, Ուդմուրտիայի Փոքր և Միջին Բիզնեսի աջակցման կենտրոնի, ինչպես նաև ռուսական և հայկական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր կայացել է Հայաստան-Ռուսաստան համագործակցության գործարար հանդիպում: Ծրագրի նպատակն է աջակցել երկու երկրների գործարարների անմիջական փոխադարձ արդյունավետ համագործակցությանը: Ծրագրին մասնակցում են ռուսական 10 ձեռնարկություններ, որոնք զբաղվում են գազի եռակցման սարքավորումների և փականների, փաթեթավորման, բիոպաղպաղակի, գյուղատնտեսական ձեռնարկությունների և սննդի արդյունաբերության համար մասնագիտական լվացող և ախտահանիչ միջոցների արտադրությամբ և վաճառքով, հեռավոր վայրերում բժշկական սպասարկման կազմակերպմամբ, կազմակերպություններում աշխատանքի պաշտպանության աութսորսինգով, արդյունաբերական օբյեկտների շինարարության համար անձնակազմի ու խորհրդատվական ծառայությունների տրամադրմամբ:
Արտակ Տեր-Թորոսյանը երկար ժամանակ ղեկավարում է շրջակա միջավայրի վրա ազդեցության, ինչպես նաև էկոլոգիական և սոցիալական վիճակի գնահատման կենտրոնը, որը զբաղվում է աղմուկի, թրթռումների՝ վիբրացիայի գործոնների ուսումնասիրությամբ: Ռուսական գործընկեր կազմակերպությունից համագործակցության առաջարկություն են արել: Այսօր արդեն Հայաստանում ստորագրվեց համագործակցության պայմանագիրը՝ մեր երկրում աշխատանքի անվտանգությանն ուղղված ծառայությունների մատուցումն արդյունավետ իրականացնելու համար: Այս ծառայությունները, ըստ ընկերության տնօրեն Արտակ Տեր-Թորոսյանի, Հայաստանում լավ զարգացած չեն և աշխատանքները մեր երկրում ցածր մակարդակի վրա են գտնվում։ Ուսումնասիրելով ռուսական և միջազգային փորձը՝ ընկերությունը ցանկանում է ընդլայնել ոլորտի հնարավորությունները:
Ռուս գործընկերների հետ կգործարկեն բոլոր սարքավորումները՝ փորձելով գտնել ոսկե միջինը այդ ծառայություններն արդյունավետ մատուցելու համար: Հայաստանում Ռուսաստանի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն էլ իր հերթին նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի առևտրաարդյունաբերական պալատների փոխգործակցությունն առավել արդյունավետ է դարձել: Մեր երկու երկրների օրենսդրությունները կարգավորված են, ծագած խոչընդոտները հաղթահարված:
«Երկու երկրների առևտրաարդյունաբերական փոխհարաբերությունների զարգացմանը կնպաստի տրանսպորտային համակարգերի բարելավումը: Իրանի և Հայաստանի միջև երկաթգծի կառուցումը, մետաքսի ճանապարհի վերականգնումը, որում Հայաստանը կդառնա միջանցիկ երկիր, էլ ավելի նպաստավոր պայմաններ կառաջանան մեր և ձեր երկրների միջև առևտրաարդյունաբերական փոխհարաբերությունների, փորձի փոխանակման և երկուստեք արդյունավետ աշխատանքի համար»:
Տոմսկում կա 6 բուհ: Տոմսկի բժշկական ուսումնական հաստատությունը համարվում է Ռուսաստանում բժշկա-գիտական փորձարարությունների և ուսումնասիրությունների լավագույն կենտրոններից մեկը, ասում է Տոմսկ քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Սերգեյ Բագամոլովը:
«Մենք այսօր Երևանի բժշկական համալսարան ենք բերել մեր նորամուծություններից և, իհարկե, կծանոթանանք Երևանի բուհում կատարված ու կատարվող փորձարկումներին»: Տոմսկ քաղաքի Բժշկական համալսարանի առավելությունները գրավել են երևանյան «Եվրոդեմս» ստոմատոլոգիական կենտրոնին: Այսօր երկուստեք հանդիպման ու քննարկումներից հետո կպարզվեն համագործակցության հետագա ուղիները: ԵՊԲՀ հետբուհական ֆակուլտետի օրթոպեդիայի և օրթոդոտիայի ամբիոնի վարիչ Լևոն Գրիգորյանի խոսքով՝ ծրագրի գրավչությունը մասնագետների օնլայն վերապատրաստման մեջ է:
Ռուսաստանյան գործարարների պատվիրակությունը Երևանում կլինի 5 օր, որի ընթացքում նախատեսվող բազմակողմ հանդիպումները կխթանեն երկու երկրների առևտրարդյունաբերական փոխհամագործակցությանը, վստահ են կազմակերպիչները: