ԿարևորՀասարակություն

Կոռուպցիա կա, օրինակը՝ եւս. ԲՍՓ- ի խնդիրները

lianaeghiazaryan

Հաշմանդամության կարգի տրամադրման կամ, պաշտոնական ձեւակերպմամբ, բժշկասոցիալական փորձաքննության համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին խոսում են ոչ միայն քաղաքացիները, այլ անգամ համակարգի պատասխանատուները: «Վատ ժառանգություն է` տարեցտարի փոխանցվող»,-ասում են:  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան չի հերքում կոռուպցիոն ռիսկերը, բայց նաեւ բացառում է, որ կարգ տալու համար գումար են պահանջում: Ճիշտ հակառակն է պնդում «Ռադիոլուրի» զրուցակից քաղաքացին: Սասուն Վարդանյանը կոնկրետ օրինակ է բերել: Նույն թեմայի հակադիր բեւեռները «Ռադիոլուրի ռեպորտաժում:

 

Արյան շրջանառության համակարգի հիվանդություններ, հոգեկան խանգարումներ,  նորագոյացություններ, նյարդային համակարգի ու աչքի հիվանդություններ. սրանք մարդուն հաշմանդամության հասցնող հիմնական հիվանդություններն են: Հենց սրանց առկայության կամ արտահայտվածության հիման վրա են մեր քաղաքացիները հաշմանդամության կարգ ստանում:

Այս կարգն ստանալը նման խնդիրներ ունեցող քաղաքացիների համար կարեւոր է այնքանով, որ կարգ ունեցողներին պետությունն իր սուղ միջոցներից ֆինանսական օգնություն է տրամադրում, որոշակի դեղորայք ու արտոնություններ: Այս թեկուզ փոքր, բայց, այնուամենայնիվ, օժանդակությունը շատ կարեւոր է որոշ գնահատումներով մինչեւ 50 տոկոս աղքատություն ունեցող մեր երկրի բնակչության համար: Ու հենց այս վիճակն էլ կոռուպցիոն ռիսկեր է ծնում:

Մարդիկ պատրաստ են փաստաթղթերի արանքում դրած մի քանի տասնյակ հազար դրամը փոխանցել հաշմանդամության կարգ տրամադրող կամ, պաշտոնական անվանմամբ, բժշկասոցիալական փորձաքննություն անցկացնող հանձնաժողովի նախագահին` կոնկրետ ակնկալիքով, որ կարգ տալը չմերժեն, անգամ եթե կարգը հասնում է, կամ, հնարավորության դեպքում, մի կարգ ավելի տան:

«Ռադիոլուրի» զրուցակիցը` Սասուն Վարդանյանը, Վայոց ձորից է, նա էլ նույն ակնկալիքով հայտնվել է նույն իրավիճակում` վրդովված ու հիասթափված: «Ես ներկայացել եմ Վայքի հանձնաժողով մորս բժշկասոցիալական փորձաքննության համար: Հանձնաժողովի նախագահի վերաբերմունքը մորս հանդեպ եղել է շատ-շատ անմարդկային, մորս կոպտել է, փաստաթղթերն անգամ չի նայել: Կողքին նստած տղամարդը վերցրել է թղթերը, նայել, առանց որեւէ հարցի գրել է երրորդ կարգ: Այդ ընթացքում ես միջանցքում էի, քույրը մոտեցել է, հարցրել` «Պատրաստվա՞ծ ես եկել, թե՞ չէ»: Ես անուն չեմ տա, ղեկավարությունը, ով հետաքրքրվում է, լավ գիտի, թե այդ տարածաշրջանում ով է բուժքույրը: 15-20 հազար դրամի մասին են ակնարկել: Չնայած գիտեի, որ մորս կարգ է հասնում, բայց, մտավախությամբ, որ կարող է այն չտան, տվել եմ այդ գումարը դրսում` միջանցքում, այն վերցրել են: Դրանից հետո մայրս դուրս է եկել` 3-րդ կարգ ստացած»:

Որ համակարգում կոռուպցիոն ռիսկեր կան, «Ռադիոլուրի» հարցին պատասխանելով, չի հերքում նաեւ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը: Չեմ էլ կարող հերքել, խոստովանում է Սողոյանն ու բացատրում` որտեղ կա որոշում ընդունող ու անձ, ում համար այդ որոշումը նշանակություն ունի, կոռուպցիոն ռիսկերի բացակայությունն անհնար է, հատկապես՝ Հայաստանի նման անցումային երկրում:

Բայց այսքանով հանդերձ՝ Սողոյանը չի ցանկանում ընդունել քաղաքացիների բողոքների իրավացիությունը, որ հաշմանդամության կարգ տալու համար գումար են պահանջում: Գործակալության պետը նախ նշում է, որ փաստաթղթերի ու դրանց մեջ դնելով փոխանցվող գումարի արանքը մտնել ինքը չի կարող, բայց նաեւ փորձում է համոզել, որ նման բան հնարավոր չէ, ու հիշեցնում է թեժ գծի համարը` 114-ում սպասում են նման ահազանգերի:

«Գումար պահանջելու երեւույթներ ես բացառում եմ: Որեւէ մեկը չի կարող որեւէ մեկին ասել` գումար կբերես, կարգ կտանք: Բոլորն այսօր ունեն հեռախոս` ձայնագրելու հնարավորությամբ: Եթե մեկը գումար պահանջի, կարող են ձայնագրել, ոչ մեկը չի կարող դա արգելել, ու կարող են ԶԼՄ-ներով հրապարակել»,- ասում է։

«Ռադիոլուրի» զրուցակիցը` Սասուն Վարդանյանը, սակայն, հակադարձում է` վկայակոչելով անձնական ու ոչ միայն անձնական փորձը: «Միայն ես չէի գումար տվողի կարգավիճակում: Շատ են բողոքողները, որ առաջին փորձաքննության համար 40 հազար են վերցնում, երկրորդին` 30 հազար: Համակարգում կա կոռուպցիա ուղիղ ասած, ինչը շատ մտահոգիչ է»։

Սողոյանը, ի պատասխան նմանօրինակ դժգոհությունների, փորձում է մխիթարել, թե նման դեպքերի համար պատասխանատվության միջոցները խստացվում են, փորձ է ավում արմատական փոփոխությունների գնալ: «Կոռուպցիոն ռիսկերը առկա են, դրանք հետեւողականորեն պետք է նվազեցվեն եւ նվազեցվում են»։

Հայաստանում շուրջ 200 հազար հաշմանդամություն ունեցող անձանցից 136 713-ը անժամկետ հաշմանդամություն ունի: Արմեն Սողոյանի փոխանցմամբ` տարեկան մոտ 70 հազ. հաշմանդամություն ունեցող անձ փորձաքննություն է անցնում, և որոշվում է՝ արդյո՞ք անձը պետք է գրանցվի որպես հաշմանդամ, թե՞ ոչ։ Փորձաքննության արդյունքում տարեկան 3000-4000 մարդ չի ստանում հաշմանդամության կարգ։  «Նրանցից շատերը հանձնաժողովի որոշման հետ չեն համաձայնվում և բողոքարկում են: Բայց 400-500 բողոքարկողից միայն 3-4%-ի բողոքն է վերանայվում», — վիճակագրական տվյալներն է փոխանցում Սողոյանը:

Նույն տվյալներով` Հայաստանի բնակչության 6.6%-ը հաշմանդամություն ունի: Նրանց  48%-ը կին է, 4%-ը՝ երեխաներ: Սա այլ երկրների համեմատ մտահոգիչ չէ, բայց, չնայած բոլոր խոստումներին ու մխիթարանքին, խիստ մտահոգիչ է հաշմանդամ մարդկանց հանդեպ տարվող պետական քաղաքականությունը` ֆինանսական աղքատիկ օժանդակությունից մինչեւ վերաբերմունք` անտեսում: Որպես վառ օրինակներից մեկը` ամենահասարակ թեքահարթակների բացակայությունն ամենուր:

Back to top button