Հասարակություն

Ինչպես 100 տարի առաջ Մուսալեռում, այնպես էլ այսօր՝ Այնճարում. մուսալեռցիների ոգին նույնն է

alisagevorgyan
«Այնճարն այսօր պաշտպանվում է, բայց եթե ինչ որ բան պիտի պատահի, պատրաստ ենք կռվել ու մեռնել՝ մեծից փոքր, ինչպես Մուսա լեռան վրա: Եթե թուրքից չվախեցանք, Իսլամական պետության ջարդարարներից ևս չենք վախենա»,-Սփյուռքի նախարարությունում Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի միջոցառումներին նվիրված մամուլի ասուլիսում այսր նշել է «Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի»  կենտրոնական մարմնի նախագահ Եսայի Հավաթյանն, ով ժամանել է Լիբանանի Այնճար գյուղից: Հերոսամարտի մասնակիցներն ու  նրանց զավակները 75 տարի առաջ լիբանանյան այս գյուղում հիմնեցին իրենց նոր Մուսա լեռը, որն այս օրերին կանգնած է կենաց ու մահու պայքարի նոր մարտահրավերի առաջ:

 

 

Տարիներ առաջ, Երևանում, մայիսմեկյան շքերթին հազար-հազար մարդկանց հետ մի ծերունի էլ կար: Իրար շտապեցնող, հրող, աղմկող խանդավառ մարդկային հեղեղի մեջ այդ մարդը նման էր անողորկ ու մամռակալ մի լեռնակտորի, որ կանգնած էր հաստատուն, հողին հենված, մի քիչ բարձր բոլորից ու բոլորից էլ մի քիչ թախծոտ: Զորավարի պես գլուխը բարձր պահած, կկոցած, գնահատող աչքերով նայում էր մարդկանց, ու թվում էր, թե հիմա ուր որ է՝ կմեկնի ձեռքը և կողջոււնի շարքերին, ու թվում էր, թե հենց ինքը՝ այդ լեռնցի ծերունին է շքերթն ընդունում:

Մարդիկ անցնում էին ու չգիտեին և որտեղի՞ց կարող էին իմանալ, որ ուրախությունից արբած այդ ծերունին Սուետիայի հայ բնակչության փրկարարներից մեկն է: Արտաշես Քալանթարյանի «Մուսա լեռան զորավարը»  պատմվածքի հերոսը Ֆրանց Վերֆելի հռչակավոր վեպի գլխավոր հերոս Գաբրիել Բագրատյանի նախատիպը՝ Մուսա լեռան լեգենդար պաշտպանների հրամանատար Եսայի Յաղուբյանն էր:

Նրա շիրիմ-հուշարձանին այցով և հոգեհանգստի արարողությամբ՝ ի հիշատակ հերոսամարտի հերոսների երեկ մեկնարկել են  «Մուսա լեռան» 100-ամյակին նվիրված միջոցառումները, որոնք ներառում են և կառավարական հանձնաժողովի օրակարգը և «Մուսալեռ» հայրենակցական միության նախաձեռնությամբ իրականացվող միջոցառումները: Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանի խոսքով միջոցառունմերի առանցքն, իհարկե, Մուսա Լեռ գյուղում հարիսայի պատրաստման  հանդիսավոր արարողությունն է, որը կմեկնարկի սեպտեմբերի 19-ի երեկոյան:

Հոբելյանական միջոցառումների ցանկում նախատեսվում է նաև  Մուսա լեռան հերոսամարտի և հայ ազատագրկան պայքարի 100-ամյակին նվիրված գիտաժողով, ինչպես նաև այցելություն Ծիծեռնակաբերդի  հուշահամալիր, Մուսա լեռան հերոսամարտին և  մուսալեռցիների կենցաղին նվիրված  ժամանակավոր  ցուցասրահի բացում և «Ֆրանսիական պետական աջակցություն հայերին» գրքի շնորհանդես: Կիրակի օրը նախատեսվում է քայլարշավ, որը կմեկնարկի Երևանի քաղաքապետարանից դեպի Մուսա լեռան հուշարձան:  Մուսա լեռան հերոսամարտին նվիրված միջոցառումներն ավանդաբար մեծ շուքով նշվում  են  հատկապես Լիբանանի Այնճար գյուղում, որն անվանում են մուսալեռցիների մայրաքաղաք: Հերոսամարտի մասնակիցներն ու  նրանց զավակները 75 տարի առաջ լիբանանյան այս գյուղում հիմնեցին իրենց նոր Մուսա լեռը, որն այս օրերին կանգնած է կենաց ու մահու պայքարի նոր մարտահրավերի առաջ, որը կոչվում է Իսլամական պետություն: Հոբելյանական միջոցառումներին մասնակցելու նպատակով Այնճարից Երևան կժամանի մոտ 70 հոգուց կազմված պատվիրակաություն, իսկ «Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի»  կենտրոնական մարմնի նախագահ  Եսայի Հավաթյանն արդեն Երևանում է: Սփյուռքի նախարարությունում կայացած մամուլի ասուլիսում «Ռադիոլուր»-ի  խնդրանքով նա այսօր անդրադարձավ Այնճարում տիրող իրավիճակին:

Մեկնաբանությունն ավելի քան տպավորիչ էր. «Այնճարն այսօր պաշտպանվում է, բայց եթե ինչ որ բան պիտի պատահի, պատրասստ ենք կռվել ու մեռնել՝ մեծից փոքր, ինչպես Մուսա լեռան վրա: Եթե թուրքից չվախեցանք, այս ջարդարարներից ևս չենք վախենա»:

 

Back to top button