Ինչու գազի ներմուծման գնի իջեցումը չի ազդի սպառողի վրա


Գազի գնի իջեցումը ներքին շուկայի և սպառողի վրա որևէ ազդեցություն չի ունենա, այսօր խորհրդարանում Ազգային ժողով- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանի հարցին, թե ինչպես է ազգաբնակչությունը զգալու սահմանին գազի գնի իջեցման ազդեցությունը:
Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրով սահմանված նոր գինը ՝ 165 դոլարը, կգործի մինչև 2016-ի հունվարի 1-ը: Հետագա գնագոյացման հարցը դեռ բանակցվում է՝ ասել է Երվանդ Զախարյանը, իսկ գնային տարբերությունը «Գազպրոմին» թողնելու որոշումն այսպես է բացատրել:
«Որպեսզի դոլար-դրամ կուրսային փոփոխությունները և դրանից կրած վնասները մեծ ազդեցություն չունենան «Գազպրոմի» վրա, նաև հաշվի առնելով ընդհանուր համակարգում կատարվելիք պարտադիր աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն «Գազպրոմի» կողմից անվթար գազամատակարարում ապահովելու համար, որոշվեց այս տարբերությունը՝ 24 դոլարի սահմանում, թողնել «Գազպրոմի» տրամադրության տակ»:
Երվանդ Զախարյան. էներգետիկայի և բնական պաշարների նախարար