Մշակույթ

Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների նաեւ մոդեռն կատարումներ՝ նրա անվան միջ. փառատոնում

hasmikmartirosyan

Մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնը: Երկու ամիս շարունակ հայ հանդիսատեսն ունկնդրելու է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ տարբեր մեկնաբանություններով՝ դասական մատուցումից մինչև մոդեռն լուծումներ: Մեծն կոմպոզտորի ստեղծագործությունները ներկայացնելու են անվանի երաժիշտներ տարբեր երկրներից:

 

Հոկտեմբերի 3-ից դեկտեմբերի 5 տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնը, որն այս տարի ներառում է 19 համերգ` այդ թվում 10 սիմֆոնիկ և 9 կամերային: Ըստ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի` Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը նշանակալի իրադարձություն է:  «Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների հանրահռչակումը շատ կարևոր է, Խաչատրյանը դարձել է մեր այցեքարտը տարբեր երկրներում»,- ասում է փոխնախարարը։

Փառատոնը կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ՝ ՀՀ նախագահի բարձր  հովոանու ներքո ու, ինչպես նշում են պատասխանատուները, 3-րդ  տարին անցկացվող իրադարձությունը երաժշտասերներին չի հիասթափեցնի:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը վստահեցնում է` շատ փառատոներ կան, և Հայաստանը չէր կարող չունենալ Խաչատրյանի անվան փառատոն:

«Համերգները, արտիստները, ձևաչափը շատ լավ է մշակված: Մենք ներկայանում ենք աշխարհին Արամ Խաչատրյանի անունով: Արամ Խաչատրյանն է մեզ թույլ տալիս միջազգային հարթակում լինել հավասար ուրիշների հետ: Փառատոնի ընթացքում կկայանա ավելի քան 6 ստեղծագործության պրեմիերա»,- նշում է Սմբատյանը։

Այս տարվա նորամուծություններից  Սերգեյ  Սմբատյանն առանձնացրեց մի շարք ուղղություններով խաչատրյանական երաժշտության ինքնատիպության մատուցումը: Հանդիսատեսը կունկնդրի Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ջազային մշակումները՝  Հայաստանի ջազ բենդի մասնակցությամբ, ինչպես նաև ներկայացվելու են համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներ:

Տեղեկացնենք, որ 13-17 տարեկան պատանիների մուտքն ազատ է:

Back to top button