«Աստղաֆիզիկան» շարունակում է մնալ աշխարհում ճանաչված գիտական հանդես


Այս տարի լրանում է ՀՀ ԳԱԱ «Աստղաֆիզիկա» հանդեսի հիմնադրման 50-ամյակը: Այն հիմնադրվել է 1965թ. Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ, որպես ԽՍՀՄ համամիութենական ամսագիր՝ աստղաֆիզիկայի բնագավառի նորագույն արդյունքների հրապարակման նպատակով: ԳԱԱ-ում այսօր տեղի է ունեցել «Աստղաֆիզիկա» միջազգային հանդեսի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը, որին մասնակցել են գիտնականներ, ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և հանդեսի գլխավոր խմբագիր Դավիթ Սեդրակյանը: Նիստին հաջորդել է հանդեսի աշխատաքային կայքի շնորհանդեսը։
Գիտական հանրությունը նշում է «Աստղաֆիզիկա» միջազգային հանդեսի հիմնադրման 50-ամյակը: Հիմնադրվելով 1965թ.-ին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի կողմից` այն կարճ ժամանակում դարձավ աստղաֆիզիկայի բագավառի ամենահայտնի հանդեսներից մեկը: Հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամները եղել են հայտնի գիտնականներ:
Հիսուն տարվա ընթացքում հանդեսն ունեցել է երեք գլխավոր խմբագիր՝ ակադեմիկոսներ Վիկտոր Համբարձումյանը, Լյուդվիկ Միրզոյանը և Դավիթ Սեդրակյանը, ով մինչ օրս էլ հանդեսի գլխավոր խմբագիրն է: Վիկտոր Համբարձումյանը համարվում է ԽՍՀՄ առաջին աստղաֆիզիոկոսը և պատահական չէ, որ հենց նրան վստահվեց նման ամսագիր ստեղծելու գաղափարն ու իրագործումը:
Ներկայացնելով ամսագրի գործունեությունը` ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նկատեց, որ չնայած բազմաթիվ դժվարություններին` ամսագիրը կայացավ և մինչ օրս էլ շարունակում է բարձր դիրք գրավել գիտական աշխարհում:
Հանդեսն այսօր էլ շարունակում է տարբերվել աստղաֆիզիկայի բնագավառում յուրահատուկ հոդվածներով: Հանդեսի բոլոր համարները «Springer» հրատարակչությունը թարգմանում և տպագրում է անգլերենով: «Աստղաֆիզիկա» հանդեսը համարվում է ամենահեղինակավորը Հայաստանի գիտական հանդեսների մեջ: