ԿարևորՔաղաքական

ՀԱՊԿ- ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Նախագահ Սերժ Սարգսյանը Դուշանբեում այսօր կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընդլայնված ձևաչափով բանակցությունների ժամանակ իր ելույթում ներկայացրել է նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնայնությունները:

«Հարգելի՛ գործընկերներ,

Հետևելով ձևավորված պրակտիկային, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում գալիք տարում մեր կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության առաջնայնությունները:

Առաջնայնությունները մշակելիս մենք առաջնորդվել ենք դաշնակցային փոխգործակցության և ժառանգորդության սկզբունքների հիման վրա Կազմակերպության հետագա զարգացման ապահովման անհրաժեշտությամբ:

Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման պահից անցել է ավելի քան երկու տասնամյակ: Դա Կազմակերպության կայացման, զարգացման և կատարելագործման կարևոր շրջան էր: Այդ աշխատանքը պետք է շարունակել համակարգային ձևով՝ մեր առաջ ունենալով միջնաժամկետ հեռանկարով զարգացման հստակ ուղենիշ: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում եմ առաջիկա շրջանում որպես առաջին առաջնայնություններից մեկն ամրագրել «Մինչև 2025թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության» մշակման ավարտը:

Կարևոր ենք համարում միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումների արտաքին քաղաքական համակարգումն ու կատարելագործումը:

Մեր գործողությունները պետք է ելնեն դաշնակցային պարտավորությունները և գործընկերների կարծիքները հաշվի առնելու, ինչպես նաև ՀԱՊԿ մեկ կամ մի քանի անդամ պետությունների շահերին հակասող նախաձեռնություններին համատեղ հակազդելու անհրաժեշտությունից:

Արդիական է նաև ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Շանհայան համագործակցության կազմակերպության և այլ կազմակերպությունների հետ ՀԱՊԿ-ի գործնական փոխգործակցության զարգացման խնդիրը: Նման համագործակցությունը նպաստում է Կազմակերպության միջազգային հեղինակության բարձրացմանը: Որպես հաջողված օրինակ՝ կնշեմ, որ այս տարի սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին Հայաստանում պլանավորված «Անսասան եղբայրություն-2015» զորավարժությունների ակտիվ փուլին կհետևի ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի պատվիրակությունը:

Առանձնահատուկ ուշադրություն կհատկացնենք Կազմակերպության պաշտպանական բաղկացուցչի զարգացման հարցերին: Այդ համատեքստում առաջին պլան են մղվում այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝

— ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման համակարգի, այդ թվում՝ արագ արձագանքման հավաքական ուժերի և միավորված տարածաշրջանային ուժերի հետագա կատարելագործումը,

— դրանց կիրառման հետ կապված որոշումների կայացման և իրականացման օպերատիվության բարձրացումը,

— օպերատիվ և մարտական պատրաստվածության գծով համատեղ միջոցառումների անցկացումը, այդ թվում՝ Հայաստանում սպասվելիք «Կոբալտ-2016» օպերատիվ-տակտիկական զորավարժությունների շրջանակում:

Մեծ նշանակություն ունի նաև մեր համատեղ աշխատանքն՝ ուղղված ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի զարգացմանը:

ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ընթացքում մեծ ուշադրություն կհատկացվի Կազմակերպության խաղաղապահ բաղադրիչին: Անկասկած, ՀԱՊԿ խաղարարար ուժերի ստեղծման պահից, խաղաղապահ զորակազմի մասնակցությամբ անցկացված զորավարժությունները նշանակալի փուլ դարձան դրանց կայացման գործում: Եկել է ժամանակը ՀԱՊԿ խաղաղապահների պատրաստման բազային կազմակերպություն ստեղծելու համար: Որպես այդ բազային կազմակերպության հիմք ՝ առաջարկում ենք դիտարկել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խաղաղապահ ջոկատների պատրաստման կենտրոնը: Մենք պատրաստ ենք կիսվել՝ տարբեր օպերացիաներին մեր մասնակցության ավելի քան տասնամյա փորձով:
Անհրաժեշտ է նաև համատեղ զարգացնել ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատեխնիկական համագործակցության և ռազմատնտեսական համագործակցության խորացմանն ուղղված ալգորիթմները, մասնավորապես՝ ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում համատեղ ձեռնարկությունների հիմնադրմամբ: Առաջնային ենք համարում ՀԱՊԿ լոգիստիկ ենթակառուցվածքի անվտանգության ապահովման հարցերը, այդ թվում՝ 2003թ-ից երկաթուղային ճանապարհների տեխնիկական ապահովության միասնական համակարգի ստեղծման մասին պայմանագրի իրականացման միջոցով, ինչպես նաև ռազմական նշանակության բեռների տարանցման և տեղափոխման օպտիմալացմամբ:

Բնականաբար, ուշադրություն կդարձնենք ժամանակակից մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարում համագործակցությանը: Պլանավորում ենք ակտիվորեն մասնակցել ՀԱՊԿ-ում ընդունված հակաթմրանյութային ռազմավարության իրականացման գործում, ինչպես նաև «Կանալ», «Նելեգալ», «ՊՐՈԿՍԻ» համալիր միջոցառումներին: Այս ուղղությամբ որպես գործնական քայլ՝ առաջարկում ենք 2016թ. Հայաստանում անցկացնել նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ՀԱՊԿ անդամ պետությունների կիբերանվտանգության ապահովման հարցերով համաժողով:

Համոզված ենք, որ ՀԱՊԿ ինստիտուցիոնալ հիմքերի կատարելագործման ուղղությամբ համատեղ ջանքերը, այդ թվում՝ Բարձր մակարդակի խմբի գործունեության վերականգնման միջոցով, բխում են մեր ընդհանուր շահերից: Այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերը թույլ կտան բարձրացնել Կազմակերպության գործունեության արդյունավետությունը:

Հարգելի՛ ընկերներ, գործընկերներ, այսպիսին են ՀԱՊԿ-ում հայկական նախագահության առաջնայնություններն ու առաջնային ուղղությունները: Հուսով ենք, որ ձեր ակտիվ աջակցությամբ մենք կկարողանանք դրանք հաջողությամբ իրագործել:

Շնորհակալություն ուշադրության համար»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Back to top button