Հասարակություն

Հաշմանդամ մարդկանց համար աշխատանքի նոր հնարավորություն է ստեղծվում

lianaeghiazaryan
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Տնտեսական և քաղաքական բաժնի ղեկավար Մեթյու Յուսընը այսօր ներկա են գտնվել Սոցիալական ձեռնարկությունների և գործատուների ցանցի հիմնման պաշտոնական արարողությանը: Ցանցի նպատակն է խթանել հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատանքի հավասար պայմանների ստեղծումը և աշխատանքի մատչելիությունը՝ որպես մարդու հիմնարար իրավունք:

 

 

Հայաստանում պաշտոնապես գրանցված է հաշմանդամություն ունեցող շուրջ 200 հազար անձ: Նրանց մեծ մասն առնչվում է զգալի դժվարությունների` պայմանավորված հասարակության կողմից հաշմանդամության թյուր ընկալմամբ, օրենքների ու կանոնակարգերի ոչ պատշաճ կիրառմամբ և հաշմանդամություն ունեցող անձանց՝ այդ օրենքներին անծանոթ լինելով: «Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպությունը 2012 թվականից իրականացնում է «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» կամ կարճ ասած` LIFE ծրագիրը: Նպատակն է խթանել հաշմանդամների  համար աշխատանքի հավասար պայմանների ստեղծումը և աշխատանքի մատչելիությունը՝ որպես մարդու հիմնարար իրավունք: Ծրագրի ռազմավարական նպատակն է արդյունավետ մոդել մշակել հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի և միջին մասնագիտական կրթության հնարավորությունների ապահովման համար: «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությանն այս տարի ընձեռվել է այս հաջողված ծրագիրն ընդլայնելու հնարավորություն: Նախաձեռնությանը միացել են պետական տարբեր կառույցներ, տեղական ու միջազգային հասարակական կազմակերպություններ: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը սա պետություն-մասնավոր կառույցների գործակցության հաջողված օրինակ է համարում:

Հայաստանցի շուրջ 200 հազար հաշմանդամ մարդկանց զբաղվածության ցուցանիշը ընդամենը 7-8 տոկոս է: Մտահոգիչ այս վիճակագրական փաստը մատնանշում է Սոցապնախարարն ու ինքն էլ նկատում` այնինչ այս մարդկանց համար հասարակությանն ինտեգրվելու ամենակարճ ուղին զբաղվածությունն է: Արտեմ Ասատրյանն այս խնդրի լուծման անելիքներն ու իր սպասելիքները  ձեւակերպելիս նախ օրենքներն է մատնանշում: Զբաղվածության մասին գործող օրենքով հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունելու համար քվոտա է սահմանվել: 2016-ից այս օրենքը պարտադիր է ռշդառնում նաեւ 100 եւ ավելի աշխատող ունեցող ոչ պետական կազմակերպությունների համար` 1 տոկոսի չափով:

Իսկ ինչ է խոստանում Սոցիալական ձեռնարկությունների և գործատուների ցանցի հիմնման ծրագիրն այս մարդկանց: Պատասխանատուները խոստանում են նախ հաշմանդամություն ունեցող անձանց անհատական զարգացում հմտությունների խթանման և աշխատանքի տեղավորման միջոցով: Մասնավորապես, հաշմանդամություն ունեցող 420 անձի համար աշխատանքային պրակտիկայի կամ աշխատանքի հնարավորություն կստեղծվի: Եթե «LIFE» ծրագրի առաջին փուլն իրականացվում էր Երևանում և չորս մարզերում, ապա ներկայիս փուլն ընդգրկում է Հայաստանի ողջ տարածքը: Ծրագրի անմիջական շահառուներ են հանդիսանում 18-64 տարեկան հաշմանդամություն ունեցող անձինք: Այս համատեքստում ծրագրվում է ծառայություններ մատուցողների, հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների, գործատուների և միջին մասնագիտական կրթական հաստատությունների կարողությունների զարգացում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները հոգալու համար: Նպատակներից է նաեւ հանրային իրազեկության բարձրացումը և հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավումը:

Back to top button