Հասարակություն

Ինտերնետ հանրույթի տարածաշրջանային հանդիպում՝ Երեւանում

karenghazaryan
Երեւանում այսօր տեղի է ունեցել ինտերնետ հանրույթի /RIPE NCC/ «Ռայփի էն-սի-սի» տարածաշրջանային հանդիպում: Նման միջոցառում Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Միջոցառմանը մասնակցել են հեռահաղորդակցության ոլորտի պետական եւ մասնավոր ընկերությունների եւ կառույցների ներկայացուցիչներ, պատվիրակություններ արտասահմանյան երկրներից: «Ռայփի էն-Սի-Սի» տարածաշրջանային հանդիպումները առանցքային դեր ունեն ինտերնետի զարգացման տեխնիկական հիմնախնդիրների լուծման եւ ոլորտի զարգացման հեռանկարների մշակման հարցերում: Հանդիպման մասնակիցներին ողջունելով՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հույս է  հայտնել, որ նման կոնֆերանսներ Հայաստանում ավելի հաճախ կլինեն եւ կնպաստեն, որ ոլորտի հայաստանյան ընկերությունները նույնպես ոլորտի զարգացմանն առնչվող նախաձեռնություններ ունենան:

«Ռայփի էն-սի-սի»-ի կազմակերպիչներից Աքսել Պավլիկը հայտնել է, որ հանդիպմանը կհետեւի ցանցերի մոնիտորինգ եւ կառավարման դասընթաց, որտեղ «Ռայփի էն-սի-սի»-ի փորձագետները կներկայացնեն ոլորտի վերջին նորությունները, կարգաբերման հնարավորությունները:

Աքսել Պավլիկ.  «Մենք ունենք բավական մեծ համայնք, նաև Հայաստանից անդամներ: Դրա համար ենք մենք այստեղ և ցանկանում ենք խոսել նրանց բոլորի հետ: Մենք ուզում ենք իմանալ թե ի՞նչ են նրանք ցանկանում ունենալ այստեղ՝ Հայաստանում ինտերնետի զարգացման համար: Դրանց հիման վրա մենք կկարողանանք կազմակերպել մեր ապագա քայլերը Հայաստանում ոլորտի  զարգացման համար: Այս համաժողովն ավելի շուտ կազմակերպված է նեղ-մասնագիտական շրջանակների համար՝ ինտերնետ ծառայություններ մատուցողների: Մեր գործընկերները հիմնականում պրովայդերներ ու ծառայություններ մատուցողներ են: Մեր ընկերության հիմնական գրասենյակը տեղակայված է Ամստերդամում, նաև Դուբայում և Մոսկվայում ունենք գրասենյակներ»:

Back to top button