ԵՏՄ կազմում Հայաստանին շարունակում է ֆինասավորել ԵՄ-ն


Երևանում այսօր մեկնարկել է Հայաստանի համար Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո ֆինանսավորվող «Հայաստանի ազգային վիճակագրական համակարգի ամրապնդում–փուլ II ԵՄ Թվինինգ ծրագրի» պաշտոնական բացման արարողությունը: Եվրոպական միության կողմից 1,000,000 եվրո բյուջեով ֆինանսավորվող ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը` ինստիտուցիոնալ Թվինինգ ծրագրի միջոցով արդիականացնելով պաշտոնական վիճակագրության հայաստանյան համակարգի կոնկրետ տարրեր: Սույն նպատակը կիրագործվի՝ ներդնելով ԵՄ ստանդարտներին համապատասխանեցված համապարփակ տարածման ռազմավարություն և կազմման մեթոդաբանություններ: Ծրագրի իրականացման ընթացքում առանցքային կլինի վիճակագրական տեղեկատվության արտադրման նպատակով առկա վարչական ռեգիստրների օգտագործումը:
Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանն այսօր անդրադարձել է նաև ծառայության հրապարակած ցուցանիշերի վերաբերյալ պարբերաբար հնչող անվստահությանը:
Վերջին շրջանում ավելի քան երբևէ տնտեսագետների մի մասը իրական չի համարում ԱՎԾ հրապարակած ցուցանիշերը: Դրանք պարբերաբար են հայտնվում քննադատությունների թիրախում: ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանը քննադատություններից տեղյակ է, ավելին, նա դրանք բնական է համարում, քննադատողներին չի վիրավորում, մեղադրանքներին էլ համաշխարհային վիճակագրական փորձերով է պատասխանում:
«Ողջ աշխարհում, հատկապես ժողովրդավարական սկզբունքների վրա խարսխված տնետսական կարգերում, երբ որ վիճակագրական որևիցե ցուցանիշ է հրապարակվում, դա տեղեկատվություն սպառող մեկի համար լավ լուր է, մյուսի համար վատ լուր, երրրորդի համար որևիցե արժեք չի ներկայացնում: Բնականաբար առաջանում են քննադատություններ, և մարդիկ ազատ են ու պետք է կարողանանն ազատ արտահայտվել»:
Անդրադառնալով հարցին, թե ինչպես է, որ միջազգային կառույցների կանխատեսումները ՝ Հայաստանի տնտեսական աճի և ոչ միայն, վերաբերյալ մեղմ ասած, մխիթարական չեն, իսկ ԱՎԾ ցուցանիշերը այլ բան են փաստում, հանրապետության գլխավոր վիճակագիրը ստանդարտ պատասխան է տալիս՝ ԱՎԾ փաստագրմամբ է զբաղվում, այլ ոչ թե կանխատեսմամբ:
Երևանում մեր երկրի ԱՎԾ հերթական Թվինիգ ծրագրի պաշտոնական բացումն էր: Մեկ մլն եվրո գումարով կարդիականանա մեր երկրի վիճակագրական համակարգը: Գումարը առավելագույնն է, որը կարող է տրամադրվել շահառու երկրին: Ֆինանսների կառավարումը իրականացնելու է Դանիայի վիճակագրական ծառայությունը: Ծառայության տնօրեն Քարսթեն Ուլրեկ Սանգենբերգը նույնպես Հայաստանում է:
Նա կարևորում է հատկապես վարչական տվյալների օգտագործումը վիճակագրության մեջ: Այն ոչ միայն արդյունավետ համակարգ է , այլ նաև բավականին մեծ խնայողություն է պարունակում. «Երկրում վիճակագրական տվյալների հիմնական աղբյուր հանդիսանապը մեծապես հեշտացել է, բայց դրա հետ մեկտեղ կան նաև դժվարություններ: Ավելացել են տվյալների ծավալները, մեծացել է տվյալներ հավաքագրող կառույցների թիվը: Որպես տեղեկավտության աղբյուր գործում են նաև սոցիալական ցանցերը, ուստի և վիճակագրական ծառայությունն ավելի մեծ կարևորություն է ստանում»:
Ծրագիրը կավարտվի 2017թ օգոստոսին, երբ կավարտվի ծրագիրը, ակնկալվում է ունենալ մշակման տարածման ռազմավարություն, սպառողների ուժեղացված ներգրավվածություն, ներդրված, հվարկված և հրպարակված սոցիալական բացառումների վիճակագրություն: