Քաղաքական

Արցախում ստեղծվել է «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակ

Արցախի քաղաքական եւ հասարակական գործիչներն այսօր հայտարարել են «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակ ստեղծելու մասին։ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, մի շարք պատգամավորների, նաեւ հասարակական գործիչների ստորագրած հայտարարության մեջ նշված է.

«Ողջունելով Ֆրանսիական Հանրապետության «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի աջակցությունը՝ ազատ եւ ժողովրդավարական հասարակություն կառուցելու ու զարգացնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի եւ իշխանությունների գործադրած հետեւողական  ջանքերին,

Բարձր գնահատելով Ֆրանսիական Հանրապետության դերը ժողովրդավարական արժեքային համակարգի եւ հանրահայտ «Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն» սկզբունքների ամրագրման ու տարածման գործում,

Նպատակ ունենալով  խթանել Ղարաբաղի եւ Ֆրանսիայի բարեկամական հարաբերությունների զարգացումը,

Գիտակցելով Հարավային Կովկասի տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատման ու կայունության պահպանման անհրաժեշտությունը եւ դրանում ժողովուրդների միջեւ երկխոսության ու համագործակցության կարեւորությունը,

Մենք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հասարակական, քաղաքական գործիչներս եւ  պատգամավորներս, հայտարարում ենք Ֆրանսիական Հանրապետության հետ «Ղարաբաղ-Ֆրանսիա» Բարեկամության շրջանակ ստեղծելու որոշման մասին»:

Back to top button