Միջազգային

Փախստականների գործողությունները հարցականի տակ դրեցին Շենգենի գոտին

Գերմանիան, փախստականների խնդրով պայմանավորված, վերականգնում է սահմանային հսկողությունը ԵՄ երկրների հետ: Այս երկրի իշխանությունները որոշել են օգտվել Շենգենի գոտու երկների սահմանների մասին օրենսդրության ընձեռած հնարավորություններից և ժամանակավորապես սահմանային հսկողություն հաստատել։

Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը հայտարարել է, որ անվտանգության նկատառումներով սահմանային հսկողությունն առաջին հերթին վերականգնվում է Ավստրիայի հետ սահմանին` Բավարիայում: Մեզիերը նշել է, որ անցած շաբաթ այս անցակետով տասնյակ հազարավոր փախստականներ են անցել Գերմանիա, իսկ իր երկիրը չի կարող միայնակ ընդունել բոլոր ցանկացողներին:

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ իր հերթին Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանը հայտարարել է, որ պետական սահմանների պաշտպանությանը կմասնակցի բանակը: Ըստ նրա՝ դա արվում է «Շենգենի համաձայնագրի շրջանակում»:

Նշենք նաև, որ սեպտեմբերի 15- ից Հունգարիայում խստացվում է միգրացիոն օրենսդրությունը. բոլոր նրանք, ով ապօրինի կհատեն հունգարա-սերբական սահմանը, կձերբակալվեն, իսկ սահմանը կհսկեն նաև զինվորականները:

Back to top button