Տնտեսագետի կարծիքով՝ Հայաստանում աղքատ է բնակչության 80 տոկոսը


17 հազար դրամը, որով մեր երկրում աղքատության շեմն է որոշվում, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը զավեշտալի է համարում: Նրա կարծիքով, եթե 17 հազար դրամի շեմը բարձրանա, պարզ կդառնա, որ մեր երկրում աղքատ է բնակչության 80 տոկոսը: Իսկ աղքատության մակարդակը մեր երկրում կբարձրանա, քանի որ, տնտեսագետի համեստ հաշվարկներով, մեկ քաղաքացին գնաճի այս պայմաններում 100 հազար դրամ ունենալու դեպքում մեծ դժվարությամբ կկարողանա հաղթահարել խոցելի շեմը: Տնտեսագետի կարծիքով, մեր երկրում բնակչության մի մասը չի կարողանում ապահովել անգամ նվազագույն սպառողական զամբյուղի պահանջը։
Թե որքան է աղքատության մակարդակը մեր երկրում, վիճակագությունը դեռ լռում է: Տարեվերջին միայն ԱՎԾ- ն կամփոփի 2014- ի սոցիալ-տնտեսական պատկերը: Իսկ այս տարվա սոցիալ- տնտեսական պատկերը մեզ համար պարզ կլինի միայն հաջորդ տարեվերջին:
Առանց ԱՎԾ ամփոփ տվյալների էլ պարզ է, որ այս տարին էլ շարքային քաղաքացիներիս համար մեղմ ասած հեշտ չէ: ԱՎԾ օրերս հրապարակած ցուցանիշերը մեր երկրում կրկին գնաճ էին արձանագրել, համաշխարային շուկայում գների բարձրացմանը շատ արագ արձագանքող մեր շուկան որևէ կերպ չի արձագանքում, երբ նույն, համաշխարհային շուկայում գնանկում է գրանցվում։
Տնտեսագետները դժվարանում են այս երևույթին որևէ գնահատական տալ: Վարդան Բոստանջյանը, ով նաև նախկին պատգամավոր է, խոստովանում է՝ Հայաստանն ի տարբերություն աշխարհի մնացած բոլոր երկրների, բացառություն է կազմում, քանի որ գնագոյացման ու գների սահմանման խնդիրը ոչ մի օրինաչափության չի ենթարկվում:
Իսկ երևույթն ամենայն հավանականությամբ պայմանավորված է նրանով, որ ՀՀ-ում եկամուտների բեռևացվածությունը շատ մեծ է, ընդգծում է Բոստանջյանն ու շարունակում՝ ամբողջ հարստությունը հավաքված է սասափելի փոքր թվով մարդկանց ձեռքին և, բնականաբար, հասարակության մի ստվար զանգված աղքատության տիրույթում է:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2013-ին աղքատությունը Հայաստանում կազմել է 32 տոկոս։ Մեր երկրում յուրաքանչյուր երրորդ քաղաքացին շարունակում է աղքատ համարվել, իսկ աղքատության շեմը Հայաստանում սահմանված է 17 հազար դրամը: Վարդան Բոստանջյանը վստահ է, որ «սա ինքնըստինքյան զավեշտալի գումար է: Բնականաբար՝ մեկ ամսվա մեջ քաղաքացին չի կարող իր ամենահասարակ պահանջները բավարարել 17 հազար դրամով: 17 հազարը միայն պարենային ապրանքների գումարը չի, այլ բոլոր կոմունալ ծառայությունները, ձմեռային հագուստը, կենցաղային ապրանքները»:
Եթե 17 հազար դրամի շեմը բարձրանա՝ պարզ կդառնա, որ մեր երկրում աղքատ է բնակչության 80 տոկոսը: Հենց այս պատճառով էլ կառավարությունը աղքատության շեմի վերանայման հարցը չի քննարկում: Իսկ աղքատության մակարդակը մեր երկրում կբարձրանա, քանի որ, տնտեսագետի համեստ հաշվարկներով, մեկ քաղաքացին գնաճի այս պայմաններում 100 հազար դրամ ունենալու դեպքում շատ մեծ դժվարությամբ կկարողանո խոցելի շեմը հաղթահարել:
Ըստ տնտեսագետի՝ նման իրավիճակում է ՀՀ բնակչության 80 տոկոսը: Նրանց մի մասը չի կարողանում ապահովել անգամ նվազագույն սպառողական զամբյուղի պահանջը: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը նախ խոստովանում է, հետո նաև նվազագույն զամբյուղի՝ իր հաշվարկները ներկայացնում. «Մեզ չի հաջողվում մեր ունեցած ռեսուրսների և եկամուտների ոչ ճիշտ բաշխման պարագայում ապահովել կենսապահովման արժանավայել զամբյուղ: Ես կարծում եմ, որ գների այս պայմաններում ՀՀ-ում նվազագույն զամբյուղը պետք է արժենա 100-120 հազար դրամ»:
Մեկ այլ տնտեսագետ՝ Աշոտ Եղիազարյանը, կարծում է, որ դրամի արժեզրկումը հերթական գնաճի պատճառն է դառնալու, ինչն էլ հերթական սոցիալական լրացուցիչ բեռ է քաղաքացիների ուսերին: Աղքատության մակարդակի բարձրացմանը նպաստում է նաև ռուսական ռուբլու արժեզրկումը: 2014-ից նվազել է նաև արտագնա աշխատանքի մեկնողների գնողունակությունը: Ռուսական ոռւբլու արժեզրկումն ուղղակի ազդեց ՌԴ աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների վրա։
ԱՎԾ էլ է փաստում՝ եթե տրանսֆերտները նվազեն, ապա մեր երկրում աղքատությունը 43 տոկոսով կավելանա: Աղքատության հաղթահարման համար Հայաստանին անհրաժեշտ է 83,9 մլրդ դրամ, կամ ՀՆԱ-ի 2 տոկոսը կազմող գումարը: Սա պաշտոնական վիճակագությունն է, Կա՞ այդ գումարը, թե՞ ոչ, պարզ չէ: Պարզ ու ակնհայտ է միայն ոլորտի պատասխանատուների՝ 2015-ի վերջում տնտեսական ցուցանիշերի լավատեսական սպասումներն ու տհաճ անակնկալները՝ ամենօրյա թանկացումների տեսքով: