ՀՀ 10 բուհում ժամանակակից տեխնոլոգիական ծրագրեր են իրականացվել


Ծաղկաձորում ավարտվել է «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի արդյունքների ներկայացմանը նվիրված համաժողովը: Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև «Կրթության բարելավման» նոր վարկային ծրագիրը: Համաժողովին մասնակցել է նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և նշել, որ ծրագրի իրականացման տարիների ընթացքում համակարգում զգալի ձեռքբերումներ են եղել: Ներկայացնելով արդեն ավարտվող ծրագրի արդյունքները՝ նախարարն առանձնացրել է հատկապես նախադպրոցական, հանրակրթական և բուհական ձեռքբերումները:
«Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագիրը մեկնարկել է դեռևս 2009 թվականին: Ներկայացնելով արդեն ավարտվող ծրագրի արդյունքները՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նկատեց, որ ծրագրի իրականացման տարիների ընթացքում համակարգում զգալի ձեռքբերումներ են եղել: Նախարարի փոխանցմամբ՝ այս տարիների ընթացքում փոխվել է նաև ծրագրի բովանդակությունը, այն էլ ավելի է համապատասխանեցվել ներկայիս մարտահրավերներին:
Մեկ առ մեկ ներկայացնելով ծրագրի ձեռքբերումները՝ նախարարն անդրադարձավ նաև բուհական համակարգում հավատարմագրման ինստիտուտի ստեղծումանն ու զարգացմանը: Ծրագրի շրջանակներում բուհերում ներմուծվել է որակի ապահովման մշակույթը և որոշ բուհեր արդեն անցել են ազգային հավատարմագրում:
Որակի ապահովման և հավատարմագրման գործընթացի արդյունքում՝ համակարգը ևս մեկ քայլով առաջ գնաց, իր հերթին նկատեց ԿԳՆ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը: Մյուս կարևոր ձեռքբերումը, դարձյալ բուհերի հզորացման շրջանակներում, նորարարությունների մրցակցային հիմնադրամի ստեղծումն էր և ՀՀ 10 բուհերում ժամանակակից տեխնոլոգիական ծրագրերի իրականացումը: