Քաղաքական

Լ, Մարտիրոսյան. Սահմանադրական բարեփոխումներից հետո թեւակոխելու ենք զարգացման նոր փուլ

lenabadeyan

Վաղը մեկնարկում է ԱԺ աշնանային նստաշրջանը, եւ դրանով իսկ մեկնարկում է սահմանադրական բարեփոխումների վերջին փուլը՝ փաստաթղթի քննարկումը խորհրդարանում: Հանրապետական խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը կանխատեսում է, որ այդ քննարկումները շատ հետաքրքիր են լինելու եւ անհամբեր սպասում է, թե ինչ են որպես հակափաստարկ ներկայացնելու բարեփոխումների ընդդիմախոսները:  

 

Սահմանադրական փոփոխությունների այն փաստաթուղթը, որը քննարկման է դրվելու վաղը խորհրդարանում, դեռ այն փաստաթուղթը չէ, որ հանրաքվեին ներկայացվելու է հանրությանը: «Որեւէ դոգմատիկ դրույթ չկա նախագծում»,- հայտարարում է Հանրապետական խմբակցությունից պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը:

Հատկանշական է, որ նրա ղեկավարած կուսակցությունը՝ ՄԻԱԿ-ը, այդպես էլ չհրավիրվեց նախագահի նստավայր՝ նախագահ-կուսակցություններ քաղաքական կոնսուլտացիաների: Պատգամավորը դրանից վատ չի զգում՝ ի տարբերություն հանդիպման գնացածների նա իր ասելիքն ամեն դեպքում լսելի է դարձնում նախագահականում:

«Դե ես նախագահականում օտար մարդ չեմ: Հինգ տարի եղել եմ հանրապետության նախագահի օգնական, նախագահական գնալու տարբեր առիթներ կարող եմ գտնել կամ տարբեր խնդիրներ կարող եմ քննարկել: Մենք համատեղ որոշում ենք կայացրել, որ դրա անհրաժեշտությունը չկա, որովհետեւ նախագահի հետ քննարկել ենք հարցը այլ ձեւաչափով: Հանրապետական կուսակցությանն էլ նախագահը չի հրավիրել, ձեւական ինչ- որ հանդիպում կազմակերպելու կարիք չկա»,- ասում է։

Փաստաթղթում, իհարկե, եղել են դրույթներ, որոնք Լեւոն Մարտիրոսյանի սրտով չէին: Սակայն, պայքարելու եւ ապացուցելու որեւէ անհրաժեշտություն նա այլեւս չի տեսնում: «Բոլոր այն դրույթները, որ ինձ սրտամոտ չէին, արդեն հանձնաժողովը հանեց: Մասնավորապես, հանրապետության նախագահի ընտրության կարգը, որ բացի ԱԺ 3/5-ից  նաեւ ընտրիչների միջոցով պետք է ընտրվեր։ Ընտրիչները պետք է ձեւավորվեին ՏԻՄ միջոցով եւ պարզ չէր, թե ինչպես են ընտրվելու այդ ընտրիչները, ովքեր են լինելու եւ ինչու են հենց նրանք լիազորված վճռելու, թե ով է լինելու պետության գլուխը:ԱԺ  3/5 միանգամայն բավարար է, որպեսզի բարձր լեգիտիմություն ապահովվի հանրապետության նախագահի համար»։

Ի դեպ՝ 3/5-ով են ընտրվելու նաեւ  գլխավոր դատախազմը, ԿԲ նախագահը եւ բազմաթիվ այլ առանցքային պաշտոնյաներ: Համենայնդեպս՝ նախագծում դեռ այսպես գրված է:  Լեւոն Մարտիրոսյանը մինչ այսօր չի հասկացել, թե ինչին են դեմ ընդդիմախոսները: Ասում է, կոնկրետ հակափաստարկներ չեն ներկայացնում: Անհամբեր սպասում է, թե ինչ են վաղը խորհրդարանում խոսելու ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» պատգամավորները:

Մարտիրոսյանը համոզված է՝ «ՈՉ»-ի ճակատը որեւէ արդյունքի չի հասնելու իր պայքարում: «Պարզ չէ, թե կոնկրետ ինչն են քննադատում: ՀՅԴ-ն օրինակ ընդդիմադիր է, բայց երկու ձեռքով կողմ է այս փոփոխություններին: Կան քաղաքական կուսակցություններ, որոնք տասնյակ տարիներ ջատագովն են եղել խորհրդարանական համակարգի անցմանը, մինչեւ մի քանի ամիս առաջ դեռ առավոտից երեկո դրա մասին էին խոսում, հիմա դիրքորոշում չեն հայտնում կամ էլ ձեւականորեն դեմ են: Այնքան ակնհայտ է, որ իրենց ոչ մի բան չի հաջողելու, որովհետեւ որեւէ օրակարգ չկա։ Ուղղակի անհասկանալի է, թե ինչին են դեմ եւ ինչն են ուզում տապալել»:

Եթե անցկացնենք փոփոխությունները՝ թեւակոխելու ենք զարգացման նոր փուլ, ասում է պատգամավորը՝ հիմնավորելով, որ չկա որեւէ երկիր, որ խորհրդարանական կառավարման համակարգ ունի եւ ժողովրդավար չէ: Փոխարենը, ասում է, նախագահական եւ կիսանախագահական երկրներն են հիմնականում ոչ դեմոկրատական։ «Կոնկրետ մեր դեպքում ոչ թե ոչ դեմոկրատ ենք, այլ՝ հիբրիդային վիճակում ենք»,- ճշտեց պատգամավորը:

Back to top button