Ինչո՞ւ են երեխաները մանկապարտեզներում թունավորվում


Հանրապետության մանկապարտեզներում վերջին օրերի թունավորման բռնկումները շարունակվում են մնալ հասարակական կազմակերպությունների դիտակետում, քանի դեռ շատ ու շատ հարցերի պատասխաններ չեն տրվել: Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը շղթայական թունավորումների գործում մեծ է համարում ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտագության պետական ծառայության մեղավորությունը։ «Ոլորտը մատնված է անտարբերության», ասում է նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Թե որ կազմակերպությունը կամ կառույցն է լիցենզավորում մանկապարտեզների խոհանոցները սպառողների իրավունքների պաշտպանին չի հաջողվում պարզել պաշտոնական ատյաններից: Սննդի անվտանգության պետական ծառայությունից Արմեն Պողոսյանին փոխանցել են, որ լիցենզավորումը պարտադիր պայման չէ, ինչն էլ վերջինս համարում է օրենսդրական մեծ բացթողում:
Հանրապետության մանկապարտեզներում սննդային թունավորման դեպքերը վերջին ժամանակներում հաճախակիացել են: Ամեն նոր դեպք մեծ հնչեղություն է ստանում, ոլորտի պատասխանատուներն էլ վստահեցնում են , որ դաշտը վերահսկվում է, սակայն դեպքերը հաջորդում են մեկը մյուսին:
Եղվարդի մանկապարտեզում արձանագրված թունավորման դեպքից, երբ 70 երեխա միանգամից հայտնվեց հիվանդանոցում, անցել է մեկ տարի, սակայն դրան հաջորդել են շատ ու շատ նմանօրինակ դեպքեր: Այս տարվա մայիսին Արմավիր քաղաքի մանկապարտեզներում ևս գրանցվեցին թունավորման դեպքեր, որին էլ հաջորդեցին մյուսները: Արմավիր քաղաքի թիվ 6 և 9 մանկապարտեզներից մարզի ինֆեկցիոն բաժանմունք հոսպիտալացվեցին 3-6 տարեկան փոքրիկներ: Դեպքի առնչությամբ Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը դիմել է գյուղնախարարության Սննդի անվտանգության պետական տեսչությանը: Ամիսներ են անցել, սակայն հստակ պատասխան սպառողների իրավունքների պաշտպանը չի ստացել:
Արմավիրի մարզի մանկապարտեզներում թունավորման դեպքի առնչությամբ սպառողների իրավունքների պաշտպանը դիմել է նաև ՀՀ գլխավոր դատախազին, գործի հետաքննության մասին տեղեկատվություն ստանալու ակնկալիքով: Գոհ է կառույցի օպերատիվ աշխատանքից, սակայն դժգոհ՝ պատասխանից: «Պատասխանը հետևյալն է՝ գործը բաժանել են 4 մասի՝ ըստ մանկապարտեզների: Ընթանում է հետաքննություն: Նամակից հետո անցել է երկու ամիս: Հավանական պատճառները կարող են լինել սնունդը, ջուրը և հակասանիտարական վիճակը»,- ասում է։
Արմեն Պողոսյանին մտահոգում է, թե որ կառույցը կամ կազմակերպությունն է լիցենզավորում մանկապարտեզների խոհանոցները: Բազմիցս է հարցը բարձրաձայնել, սակայն պատասխանը չի կարողանում գտնել: Սննդի անվտանգության պետական ծառայությունից Արմեն Պողոսյանին պատասխանել են, որ մանկապարտեզներում սնունդն ապահովող ընկերությունների լիցենզավորումը, ըստ օրենքի, պարտադիր պայման չէ, ինչն էլ սպառողների իրավունքների պաշտպանը համարում է օրենսդրության մեծ բացթողում: