Վերլուծական

Թուրքիան ներքին խնդիրների եւ աշխարհաքաղաքական զարգացումների առանցքում

karenghazaryan

Թուրքիայում ծավալվող վերջին իրադարձություններին եւ հայ համայնքի վրա դրանց ազդեցությանն է այսօր նվիրվել «Մեդիա» կենտրոնում տեղի ունեցած քննարկումը: Քննարկմանը տեսակապի միջոցով միացել են նաեւ «Ակոս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուքյանը եւ վերլուծաբան Վիգեն Չեթերյանը: Քննարկման բանախոսները կարծում են, որ Թուրքիայում ծավալված իրադարձությունները պայմնավորված են եւ ներքին խնդիրներով, եւ աշխարհաքաղաքական զարգացումներով: Մի կողմից Թուրքիան ցանկանում է վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում ապահովել իշխող կուսակցության միանձնյա իշխանությունը՝ հնարավորինս կանխելով քրդական կուսակցության մուտքը խորհրդարան, մյուս կողմից՝ թույլ չտալ, որ Թուրքիայի սահմաններին կից Սիրիայի հյուսիսում քրդական նոր միավոր ձեւավորվի, քանի որ դա կազդի նաեւ Թուրքիայի ներսում քրդական խնդրի վրա:

 

Վերլուծաբան Վիգեն Չեթերյանի կարծիքով՝ այն, ինչ կատարվում է Թուրքիայում, սերտորեն շաղախված է եւ ներքին խնդիրներով, եւ աշխարհաքաղաքական զարգացումներով, սակայն հիմնական խնդիրը, որ ցանկանում է լուծել Էրդողանը՝  վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության համար միահեծան իշխանություն ապահովելն է:

Միեւնույն ժամանակ, կա նաեւ աշխարհաքաղաքական խնդիրը։ «Կարծում եմ, այսօրվա պայքարը ոչ միայն քրդական ուժը Թուրքիայի ներսում, մանավանդ՝ ԱԺ-ի մեջ ոչնչացնելու նպատակ ունի, այլ նաեւ Թուրքիայի հարավում՝ Սիրիայի հյուսիսում, նոր քրդական միավորի ձեւավորումը կանխելու»,- ասում է Չեթերյանը։

«Ակոս» շաբաթաթերթի հայերեն Էջերի խմբագիր Բագրատ Էստուքյանը նույնպես Թուրքիայում ստեղծված արտակարգ իրավիճակը պայմանավորեց եւ  Թուրքիայի ներքին խնդիրներով, եւ աշխարհաքաղաքական անցուդարձով: Նրա խոսքով՝ Էրդողանը, հակված լինելով միահեծան իշխանություն ձեւավորելուն, պատերազմական իրավիճակ հրահրեց երկրում: Ստեղծված պայմաններում նա կկարողանա հասարակությանն ուղղակի ասել՝ եթե խաղաղություն եւ կայունություն ես ուզում, ապա նոյեմբերին կայանալիք նոր ընտրություններում պետք է ընտրել իշխող կուսակցությանը եւ չվստահել քրդական Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությանը:

«Այս երեւույթի մեջ մեզ համար մի մտահոգություն կա, որ քարոզչությունը ասում է, թե այս շարժումը ոչ թե քրդական շարժում է, այլ՝ հայկական մի շարժում»։

Բագրատ Էստուքյանը մտահոգություն հայտնեց, որ նման քարոզչության արդյունքում հնարավոր է ինչ-ինչ գործողություններ ուղղվեն նաեւ հայ համայնքի դեմ:

Այս մտահոգությունը կիսեց նաեւ ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը տեսանելի էր վերջին ընտրություններից հետո, երբ Էրդողանը չցանկացավ կոալիցիա կազմել:

«Թուրքական պետությունը ինքը փորձում է հրահրել հնարավորինս շատ բռնարարքներ՝ թեկուզ իր դեմ, որպեսզի ցույց տա, թե քրդական շրջանակներին պետք է չէ վստահել: Իրենք փորձելու են անպայման շարունակել սրել իրավիճակը, որպեսզի հասարակությանն ասեն այն, ինչ մեկ-երկու օր առաջ արդեն Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն ասաց՝ եթե ուզում եք խաղաղություն, պետք է քվեարկեք մեկ կուսակցության օգտին»:

Կիրո Մանոյանը կարծում է, որ թեպետ  մեծ սպառնալիք Հայաստանի համար թուրքական իրադարձություններից չի կարող լինել, սակայն Հայաստանը պետք է զգոն լինի, քանի որ իրադարձությունները տեղի են ունենում Հայաստանի սահմանից ոչ շատ հեռու:

Վերլուծաբանը նկատեց նաեւ, որ կատարվող իրադարձություններն ազդում են նաեւ Ադրբեջանի հնարավորությունների վրա. արդեն երկու անգամ պայթեցվել է Բաքվից Թուրքիա գնացող գազամուղը: Կիրո Մանոյանը շեշտեց նաեւ, որ «Իսլամական պետության» դեմ պայքարի քողի ներքո Թուրքիան իր հարվածներն առավելապես ուղղում է Իրաքի եւ Սիրիայի քրդական կենտրոնների դեմ:

Back to top button