ԿարևորՀասարակություն

Այսօր Սուրբ Խաչի տոնն է՝ Խաչվերացը

Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Խաչի կամ Խաչվերաց տոնը։ Այն 5 տաղավար տոներից վերջինն է եւ Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:Այս տարի եւս տոնի նախօրեին երիտասարդները քաղաքային տրանսպորտում  խաչեր են բաժանել վարորդներին, որպեսզի երթուղայիններում ու ավտոմեքենաներում աչքի ուլունքի փոխարեն խաչ լինի: Երիտասարդները նաև ծննդատներ են այցելել և խաչեր, աղոթագիրք ու իրազեկող թռուցիկներ նվիրել՝ նպատակ ունենալով, որ Սուրբ Խաչի տոնի մասին պատմությանը իրազեկների թիվն ավելանա:

Ս. Խաչը միավորում է աշխարհի չորս կողմերը, կամրջում է երկիրն ու երկինքը, ընդդեմ մեղքի ու չարի հոգևոր պատերազմում քրիստոնյայի թուրն ու վահանն է, օրհնությունն ու զորությունն է՝ բժշկության ու հարության հույսի խորհրդանիշ:
Եսայ. 49: 13-23
Գաղ. 6: 14-18
Հովհ. 3: 13-21

Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը:Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:
614թ. Պարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն, սրի քաշում ժողովրդին, մեծ թվով գերիներ տանում: Որպես անարգանք քրիստոնյաներին` Սուրբ Հարության տաճարից գերեւարվում և Պարսկաստան է տարվում նաև Տիրոջ խաչափայտը: Պարսկաստանում խաչափայտի զորությամբ շատերը դարձի են գալիս, մկրտվում և դառնում քրիստոնյա: Խաչափայտը գերության մեջ է մնում 14 տարի: 628 թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը քրիստոնեական մի հսկա բանակով հարձակվում է պարսիկների վրա, ազատագրում Ս. Խաչը և այն վերադարձնում նախկին վայրը: Որպես պատմական վկայություն` նշենք, որ հայ ժողովուրդն անմասն չէ խաչի ազատագրման գործից: Կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տվել նաև հունական մասի հայոց զորքը` Մժեժ Գնունու գլխավորությամբ:
Խաչը հանդիսավոր թափորով տարվում է Երուսաղեմ` Փոքր Ասիայի վրայով, ու բնական էր, որ այն անցնելու էր պատմական Հայաստանով: Թափորն անցնում է Կարին (Էրզրում) քաղաքով, իսկ Կարնո լեռների ստորոտներից մեկում, ուր խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխում, կառուցվում է Խաչավանքի եկեղեցին: Կայսրը խաչափայտը սրբությամբ երեք տարի Կ.Պոլսում պահելուց հետո անձամբ, կառքի մեջ ծնկած, այն ձեռքերում բռնած, Երուսաղեմ է տանում և իր ուսի վրա դրած Գողգոթայի գագաթը հանելով` բարձրացնում է Սուրբ Հարության վերանորոգված տաճարում` ի տես բոլոր քրիստոնյաների: Այդ ժամանակից էլ վերջնականորեն հաստատվեց և սկսվեց մեծ հանդիսավորությամբ տոնվել խաչի բարձրացման  հիշատակը` Խաչվերացը:

Back to top button