Նախագահը պարգեւատրեց «Լավագույն մարզական ընտանիք-2015» հաղթողներին


Ծաղկաձորում այսօր կայացել է ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2015» ամենամյա մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը եւ հաղթող ընտանիքների պարգեւատրումը: Հաղթողներին շնորհավորել ու մրցանակները հանձնել է նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթն անցկացվում է 2004 թվականից: Այն ՀՀ-ում և Լեռնային Ղարաբաղում անցկացվող ամենամասսայական մարզական միջոցառումն է, որն անցկացվում է արդեն 12 տարի։ Մրցույթն անցկացվում է ընտանիքների միջև՝ երեք փուլերով, չորս տարիքային խմբերով:
Նախագահ Սարգսյանի որոշմամբ՝ մրցույթն այս տարի բաժանվել է երեք ուղղությունների՝ «Լավագույն մարզական ընտանիք 2015», «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» և «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ»։
Պարգևատրման պաշտոնական արարողությունից առաջ ընտանիքները մրցեցին մի քանի վարժություններում: «Ակնհայտ է, որ մասնակցությունն արդեն հաջողություն է, բայց մրցույթը մնում է մրցույթ, պայքարը՝ պայքար: Արժե վայելել հաղթանակի բերկրանքը»,- մրցույթի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում նշեց նախագահ Սարգսյանը։
Սերժ Սարգսյանն այսօր անձամբ պարգևատրեց «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթում առավելագույն միավորներ վաստակած մասնակիցներին: Երրորդ տեղի համար նախագահի կողմից գավաթի արժանացավ Կոտայքի մարզը, երկրորդ տեղում՝ Շիրակի մարզն էր, իսկ հաղթողի գավաթը Երևանինն էր:
Դրամական պարգևներ և մասնակցության վկայագրեր ստացան նաև հաշամանդամություն ունեցող ընտանիքները: Տարբեր տարիքային խմբերում լավագույն արդյունք ցուցաբերած ընտանիքներին պարգևատրեց նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը , իսկ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ավանդույթի համաձայն, դրամական պարգևներ հանձնեց մրցույթի ամենակրտսեր մասնակիցներին:
Նշենք, որ «Լավագույն մարզական ընտանիք 2015» մրցույթի բյուջեն 119,320,800 դրամ է: