Այսօրվանից օդի ջերմաստիճանը կնվազի


Հանրապետությունում այսօրվանից կնկատվի օդի ջերմաստիճանի անկում՝ 3- 4 աստիճանով, իսկ առաջիկա 5 օրերին գիշերային ժամերին կանխատեսվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ:
Հանրապետությունում վերջին 5 օրերին նկատվող բարձր ջերմային ֆոնը, ըստ ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի, պայմանավորված է արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ: Օդի ջերմաստիճանն այդ օրերին եղել է նորմայից 3-4 աստիճանով բարձր:
Այսօրվանից, սակայն, օդերևութաբանական իրադրությունը հանրապետության տարածքում փոփոխվում է: Երկիր են ներթափանցում սառը օդային հոսանքներ: Արդյունքում՝ այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կնվազի 3- 4 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում այն կնվազի 5 — 7աստիճան:
«Հատկապես հանրապետության հյուսիսային և արևելյան շրջաններում առաջիկա 5 օրերին երեկոյան ժամերին գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հնարավոր է նաև կարկուտ: Երեկոյան ժամերին կարճատև անձրևների հավանականություն կա նաև մայրաքաղաքի առանձին հատվածներում»,- ասում է Գագիկ Սուրենյանը։
Օդերևութաբանական կանխատեսումների համաձայն՝ այնուհետև օդի ջերմաստիճանը կմոտենա նորմային: Առաջիկա 5 օրերին մայրաքաղաքում այն ցերեկային ժամերին կտատանվի 30-32 աստիճանի սահմաններում, որը համապատասխանում է աշնանային եղանակին: