Վերլուծական

Պետք չէ ակնկալել, թե բանակցային գործընթացում Ադրբեջանը կարող է կառուցողական լինել

lenabadeyan

Ամառվա ընթացքում տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձություններն ինչ զարգացումների հնարավորություններ են տալու աշնանը: «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանն այսօր ուշադրություն է հրավիրել մի շարք մտահոգիչ հանգամանքների վրա: Թուրքիայի դեպքում նշել է, որ կրկնվում են 100 տարի առաջվա դեպքերը, իսկ Ադրբեջանի պարագայում էլ շեշտել է՝ այդ երկրում ներքին անկայությունը վտանգավոր է նաեւ Հայաստանի համար:

 

Միջազգային կառույցների եւ տարբեր երկրների համահավասարեցնող եւ կեղծ բալանսներով հայտարարություններն են, որ հանգեցնում են սահմանային լարումների:  «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ղեկավար Կարեն Բեքարյանն այսօր նույնսիկ մեղադրեց, որ այդ հայտարարություն անողներն են պատասխանատու թափված արյան համար:

Ադրբեջանն այն աստիճան է համոզված իր անպատժելիության մեջ, որ նույնիսկ, գնացել է ավելի հեռեւն, օրինակ՝ դատի է դալիս ֆրանսիական մի լրատվամիջոցի, որը Ադրբեջանի ղեկավարին դիկտատոր է անվանել:

Սահմանի իրավիճակի վրա այսօր անուղղակի ազդում է այն, ինչ կատարվում է Ադրբեջանի ներսում, համոզված է վերլուծաբանը: Քաղհասարակության, ակտիվիստների, լրագրողների հանդեպ ճնշումներն ու հետապնդումները հասել են աննախադեպ մակադակի, բայց դրանով ոգեւորվել պետք չէ, խորհուրդ է տալիս Բեքարյանը՝ հեռանկարում տեսնելով ավելի լուրջ խնդիրներ:

«Այս տարաբնույթ հետապնդումներն այնքան են կամազրկել Ադրբեջանի  հասարակությանը, որ այդ կամազուրկ հասարակությունը շատ հակված է լինելու ստեղծված վակումում ընդունել անգամ ծայրահեղ գաղափարախոսության որոշակի ազդեցություն: Պատահական չէ, որ մենք ականատեսն ենք, որ «Իսլամական պետության» ակտիվիստները իրենց համար առավել էական մարդկային ռեսուրսի դաշտ դիտում են հենց Ադրբեջանը»։

Այս ամենը հաշվի առնելով՝ պետք չէ ակնկալել, թե բանակցային գործընթացում Ադրբեջանը կարող է կառուցողական լինել, ասում է վերլուծաբանը՝ խիստ կարեւորելով Ղարաբաղում սպասվող ՏԻՄ ընտրությունները: «Այդ ընտրությունների անցկացման որակը մեծագույն ապացույցն են նրա, որ որեւէ մեկի մտքով երբեւէ չանցնի, որ կարող է ԼՂՀ-ն իր՝այս տարիների ընթացքում ձեռք բերած ժողովրդավարության, այդ թվում՝ նաեւ ընտրությունները որպես հիմնական ինստիտուտ, իր հետագան, իր ապագան, կյանքը որեւէ կերպ կապել Ադրբեջանի հետ՝ հաշվի առնելով այնտեղ տիրող իրավիճակը»։

Անդրադառնալով Թուրքիային՝ վերլուծաբանը նշում է, որ այդ երկիրն այսօր իր քաղաքականությամբ կրկնում է այն, ինչ արել է 100 տարի առաջ: Կարծում է, որ այս հարցում Հայաստանը որպես պետություն մի փոքր նախաձեռնող պետք է լինի եւ ակտիվանա: Ասում է, որ երկու իմաստով բարոյական պարտքի խնդիր ունենք:

«Մենք ժողովուրդ ու ազգ ենք, որ այդ ամենով անցել ենք 100 տարի առաջ եւ գիտենք՝ ինչ է դա նշանակում: Հետեւաբար՝ սրա մասին անգամ միջազգային բարձր ամբիոններում բարձրաձայնելը եւ դրանով, հնարավորության դեպքում, մեկ ավել կյանք փրկելը իհարկե ՀՀ համար բարոյական պարտքի խնդիր է: Եվ վերջապես, մենք պետություն ենք, որի քաղաքացիների մեջ կան քրդեր, եզդիներ եւ մենք չենք կարող մեզ մաս կազմող քաղաքացիների հույզերը եւ խնդիրները հաշվի չառնել եւ այդ հարցերում լինել պասիվ»։

Ինչպես եւ Ադրբեջանի դեպքում, Թուրքիայի արարքների վրա նույնպես միջազգային հանրությունը փակում է աչքերը:  Դրա վառ ապացույցներից է մոտակա օրերին սպասվող ՆԱՏՕ-ի անդամ երկրների գլխավոր շտաբերի ներկայացուցիչների հանդիպունը, որն անց է կացվելու Թուրքիայում: «Սա իր մեջ նույնիսկ ցինիզմի տարրեր է պարունակում»,- նշում է վերլուծաբանը:

Back to top button