Մյուռոնօրհնեքի քարոզ Արմավիրի մարզում


Հայ Առաքելական եկեղեցին սեպտեմբերի 27-ին կատարելու է մյուռոնի օրհնության արարողություն: Մյուռոնը հունարեն բառ է, որը նշանակում է հոտավետ յուղ: Հայաստանում մյուռոնօրհնության իրավունքը վերապահված է Ամենայն հայոց կաթողիկոսին, վերջին շրջանում մյուռոնն օրհնում է նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: Մյուռոնօրհնության արարողությանն ընդառաջ Հայ Առաքելական եկեղեցին հանրության շրջանում սկսել է լայնածավալ քարոզ: Արմավիրի թեմի հոգևորականները հանդիպումներ են կազմակերպում մարզի կրթական հաստատություններում:
Մյուռոնը քրիստոնեական բոլոր ուղղափառ եկեղեցիներում օծման համար սրբազան յուղ է, որը կաթողիկոսի ձեռքով և օրհնությամբ պատրաստվում է ձիթապտղի յուղի, բալասանի և 40 տեսակի բույսերի խառնուրդից: Մյուռոնով մկրտվելը՝ սրբությամբ օծվելն է: Նախապատրաստվելով մյուռոնօրհնությանը հայ առաքելական եկեղեցու սպասավորները սկսել են մյուռոնի քարոզը: Մյուռոնօրհնության քարոզն այս տարի Հայ Առաքելական եկեղեցում կարդացվել է դեռ օգոստոսի 30-ի կիրակնօրյա պատարագի ընթացքում: Արմավիրի սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում մյուռոնօրհնեքի քարոզ է կարդացել պատարագիչ տեր Ստեփանոս քահանա Մելիքյանը, կարևորելով եկեղեցական ծեսերի և արարողություների իրազեկումը:
Արմավիրի թեմի հոգևորականները մյուռոնօրհնեքի քարոզչություն են կազմակերպում նաև դպրոցներում: Արմավիր քաղաքի թիվ 8 դպրոց էր այցելել թեմի հոգևորական տեր Տաճատ քահանա Ինջիղուլյանը: Նա համառոտ ներկայացրեց մյուռոնօրհնության կարգը և նշանակությունը, պատմեց սրբալույս մյուռոնի հրաշագործության մասին:
Մյուռոնն օրհնվում է 5-7 տարրին մեկ անգամ: Հայ եկեղեցու պատմության մեջ մի քանի կաթողիկոսների բախտ չի վիճակվել կատարելու մյուռոնի օրհնություն, դա պայմանավորված է եղել նաև խորհրդային տարիներին իշխանության որդեգրած քաղաքականությամբ: 29 տարվա դադարից հետո 1955 թվականի հոկտեմբերի 8-ին իր առաջին մյուռոնօրհնությունը կատարել է Վազգեն 1-ին վեհափառը, ով իր գահակալության ընթացքում իրականացրել է 5 մյոռոնօրհնեք, իսկ վերջինը՝ 1991 թվականին, անվանել ՝ «Անկախության մյուռոն»:
Մյուռոնօրհնությունից 40 օր առաջ մյուռոնի կաթսան՝ լցված անարատ ձիթենու յուղով, դրվում է Մայր տաճարի ավագ խորանի վրա և ծածկվում նուրբ շղարշով: Վեհափառ հայրապետի օրհնությամբ մնացած նյութերն օրհնելուց հետո լցնում են կաթսայի մեջ և եփում երեք օր, որին խառնում են ձիթապտղի յուղը, բալասանը և հին մյուռոնը:
Մյուռոնօրհնության արարողությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել հավատացյալների և հոգևորականների շրջանում: Տեր Տաճատ քահանա Ինջիղուլյանը վերհիշեց ճեմարանական տարիներին իրեն նույնպես բախտ է վիճակվել մասնակցել մյուռոնի եփման արարաողությանը:
Տեր հայրը քարոզից հետո պատասխանեց ուսուցիչների հարցերին, որոնք ուղղված էին կրոնական այլ կազմակերպությունների ուսմունքի քարոզչությանը, ինչպես նաև 2 օրից նշվող խաչվերացի տոնին:
Դպրոցի տնօրեն Աննա Խաչատրյանը ցանկություն հայտնեց հաճախակի նմանօրինակ հանդիպումներ կազմակերպել նաև աշակերտների հետ, որպեսզի կարողանան այլ կրոնական կազմակերպության հետևորդներին դարձի բերել: