Հրադադարի ռեժիմը խախտելով՝ Բաքուն փորձում է ուշադրություն գրավել.Կիրո Մանոյան


Տարածաշրջանային զարգացումներ, Թուրքիայում տիրող լարվածություն, նավթի գների անկման հետևանքով Ադրբեջանում տնտեսական վիճակի վատթարացում և Հայաստանի անելիքները նոր զարգացումների ֆոնին: Պարզաբանումները՝ ՀՅԴ հայ դատի ու քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանից:
«Թուրքիայիում առկա լարվածությունը միայն վնասում է Ադրբեջանին, և սահմանային լարվածություն առաջացնելով՝ Բաքուն պարզապես փորձում է ուշադրություն գրավել», -համոզված է ՀՅԴ հայ դատի ու քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը.
«Ադրբեջանը փորձում է ասել, որ ինքը կա, տակավին գոյություն ունի, խողովակաշարը, որ 2 անգամ պայթեցվեց Թուրքիայում, վնասեց Ադդրբեջանին և զինադադարը խախտելով փորձում է ուշադրություն գրավել իր վրա»:
Կարծիքները, թե ԵԱՀԿ ՄԽ-ը սպառել է իրեն, իրականությանը չեն համապատասխանում: Միջնորդները պասիվ չեն, կարծում է ՀՅԴ Հայ դատի ու քաղաքական հարցերի պատասխանատուն, նշելով, թե համանախագահները մինչև տարեվերջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բարձրաստիճան հանդիպում են փորձում կազմակերպել: Կիրո Մանոյանը առավել անհիմն է համարում կասկածները, թե Թուրքիան ղարաբաղյան խնդրի գլխավոր դերակատարությունն իր ձեռքը կվերցնի:
ԻՊ գրոհայինները կարողացան հաջողության հասնել հենց Թուրքիայի աջակցությամբ և այս հանգամանքը հաշվի առնելով՝ որևէ պետություն հնարավորություն չի տա պաշտոնական Անկարային միջնորդ դառնալ ղարաբաղյան խնդրում:
«Նոր զարգացումներ չկան: Թուրքիան միշտ էլ ձգտել է դրան, բայց հավելյալ դերակատարություն տալու մտադրություն որևէ պետություն չունի»:
Կիրո Մանոյանն այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում Իրան-Հայաստան հարաբերությունների սերտացման մասին է խոսում: Այսօր, երբ պատժամիջոցները Իրանի նկատմամբ վերացված են, պետք է ողջախոհություն դրսևորել.
«Չենք դանդաղում այս հարցում, բայց ավելի լավ կլինի արագ շարժվել»:
Թուրքայում հայ համայնքն այսօր սպառնալիքի տակ է, մտահոգություն հայտնեց Կիրո Մանոյանը: Ծայրահեղ ազգայնականներ խրախուսվում են Թուրքիայի իշխանությունների կողմից և հակահայկական մտքեր բարձրաձայնում: Անկարան փորձում է պառակտում մտցնել Թուրքիայում ազգային փոքրամասնությունների միջև:
«Թուրքիայի հայությունը իբրև թիրախ է ներկայացվում մամուլում»:
Կիրո Մանոյանի կարծիքով դա արվում է նոյեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրություններում քվեներ ստանալու նպատակով, ինչը արկածախնդրություն է, և լուրջ հետևանքներ կարող է ունենալ: