Հասարակություն

Հայաստանյան ՀԿ- ների ցուցանիշները բարելավվել են, հանրային ընկալումը՝ ոչ

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը հրապարակել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների 2014 թվականի կայունության ինդեքսը՝ 29 երկրում: Ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանը բարելավել է իր ցուցանիշը:

Եթե 1998 թվականին Հայաստանի ցուցանիշը եղել է 5.5 միավոր, ապա նախորդ տարի այն 3.9 էր, ինչը միջին ցուցանիշ է եւ բարելավում է նշանակում: Նույն ցուցանիշն է գրանցվել նախորդ երեք տարիներին:

Քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամի փորձագետ Տաթեւիկ Մարգարյանը այսօր տեղեկացրել է, որ Հայաստանը նախորդ տարի  բարելավում է գրանցել հասարակական կազմակերպությունների կազմակերպական կարողությունների, շահերի պաշտպանության եւ հանրային ընկալումների չափանիշով:

Շահերի պաշտպանության առումով բարելավումը պայմանավորված է նախորդ տարի քաղաքացիական շարժումների ակտիվությամբ, մասնավորապես՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման քաղաքացիական նախաձեռնության պայքարով: Փորձագետը նաեւ շեշտել է, որ տարեցտարի բարելավվում է նաեւ քաղաքացիական կազմակերպություն-պետական մարմիններ համագործակցությունը: Նախորդ տարի հասարակական կազմակերպություններին զարգացման համար ավելի շատ հնարավորություններ են տրվել:

Բարելավվել է նաեւ հասարակական կազմակերպությունների նկատմամբ հանրային ընկալումը, սակայն, վստահության առումով իրավիճակն այնքան էլ հստակ չէ: Փորձագետի տեղեկացմամբ՝ զեկույցի համաձայն՝ հայաստանյան ՀԿ-ների համար ամենամեծ խնդիրը ֆինանսական կայունությունն է: Թեպետ՝ պետական ֆինանսավորումը նույն ծավալի է մնացել, սակայն՝ ՀԿ-ների ծրագրերի համար նախատեսված նախագահի դրամաշնորհներն առավել թափանցիկ ու հասանելի են դարձել:

«Եթե համեմատում ենք մյուս երկրների հետ, ապա Հայաստանում բավականին լավ հնարավորություններ են տրված եւ հասարակական կազմակերպությունները գրանցելու եւ գործելու առումով: Նախկին ԽՍՀՄ երկրների շարքում Հայաստանը առաջատար դիրքերում է գտնվում: Առաջինը Ուկրաինան է, որից հետո Հայաստանը: Հայաստանը տարբեր չափանիշերով առաջ է: Իրավական միջավայրով եւ ֆինանսական կայունության ցուցանիշով զիջում է Վրաստանին, մյուս տեսակետներից՝ շահերի պաշտպանության, ծառությունների մատուցման ցուցանիշերով ավելի առաջատար է: Ամենավատ ցուցանիշն ունի Ադրբեջանը»,- ասել է Տաթեւիկ Մարգարյանը:

Back to top button