Կարեն Բեքարյան. Աժ գնալու պարագայում ես իմ լուման կունենամ


Հանրապետական խմբակցության նոր պատգամավորի հարցը որոշված է: «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ղեկավար Կարեն Բեքարյանը ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել եւ այսօրվանից արդեն ունենալու է պատգամավորի մանդատ: Հիշեցնենք, որ քաղաքագետը զբաղեցնում է նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի տեղը, որը թափուր էր նրա՝ Արդարադատության նախարար նշանակվելուց հետո: Պատգամավորական աշխատանքի հետ մեկտեղ Բեքարյանը շարունակելու է ղեկավարել ՀԿ-ն՝ որոշ լիազորությունները, սակայն, հանձնելով երկու պատասխանատուների: Կարեն Բեքարյանն արդեն լիովին դադարեցրել է իր մեկ այլ գործունեությունը: Մինչեւ վերջերս նա նաեւ ղեկավարում էր «Հայացք» կիրառական քաղաքականության եւ հետազոտությունների հետազոտական կոնտրոնը: Մանդատը ստանալուց հետո պատրաստվում է նաեւ Հանրային խորհրդում դադարեցնել իր գործունեությունը: «Մինչ այս պահը չեմ եղել կուսակցական եւ հիմա էլ կուսակցական չեմ»,- հայտարարել է Բեքարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք դառնալու է ՀՀԿ անդամ: Պատգամավորի աշխատանքից սպասելիքները ձեւակերպել է հետեւյալ կերպ.
«ԱԺ գնալու պարագայում ստացվում է հնարավորություն քննարկումներում եւ որոշումներում քո լուման ունենալու: Եթե կարող ես օգտական լինել, չլինելը՝ աննորմալ է: Ակնկալիքների մասին չեմ կարող ասել, թե իմ օժանդակությունն ու լուման ինչպիսին կլինի, հետագան ցույց կտա»: