Բերքառատ տարին էլ գնաճից չփրկեց


Հայ վիճակագիրներն ամփոփել են անցկացված հերթական դիտարկումներ, որոնք անցկացվում են Երևանում և հանրապետության 11 խոշոր քաղաքներում: 11-ից 5-ում գնաճ է արձանագրվել, 4-ում՝ գնանկում, երկուսում՝ գներն անփոփոխ են մնացել: Երևանն էլ գնաճից հետ չի մնացել: Ամենաբարձր գնաճ վիճակագիրները Իջևանում են արձանագրել, իսկ գնանկում՝ Կապանում: 64 խոշորացված ապրանքախմբեր ու 470 անուն ապրանք և ծառայություններ են Ազգային վիճակագրական ծառայության մասնագտեների խոշորացույցի տակ: Ու չնայած գյուղատնտեսության ներկայացուցիչները պարբերաբար հայտարարում են, որ տարին բարեհաջող է ոլորտի համար, այդուհանդերձ, Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշերի համաձայն, օգոստոսին հուլիսի համեմատ կտրուկ գնաճ է արձանագրվել հենց բանջարեղեն ապրանքային խմբում:
Բանջարեղեն ու հատկապես կարտոֆիլ, ապրանքային այս խմբում օգոստոսին հուլիսի համեմատ գների կտրուկ բարձրացում է արձանագրել: Հենց այս պատճառով է, որ սպառողական գների ինդեքսը ոչ թե գնանկում, այլ գնաճ է արձանագրել: Հայերիս սպառողական զամբյուղում գերակշիռ ՝ 1,18 տոկոս տեսակարար կշիռ ունեցող կարտոֆիլը մեկ ամսվա ընթացքում թանկացել է 53,1 տոկոսով: Թե ինչու՞ է գյուղատնտեսական բարեհաջող տարվա ընթացքում բանջարեղենի շուկայում գների կտրուկ բարձրացում արձանագրվել, ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը , դժվարանում է ասել, հերթական անգամ հստակեցնելով՝ իրենք միայն փաստերն են արձանագրում: Փոխարենը օրերս գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարեց, որ հատկապես կարտոֆիլի ու լոլիկի բերքի վրա բացասական ազդեցություն է ունեցել այս տարվա ընթացքում գրանցված բարձր ջերմային ֆոնը: Նախարարը ոչ միայն հայտարարեց, այլ նաև մասնագիտորեն պարզաբանեց.
«Հուլիսի կեսերից ու ամբողջ օգոստոսի ժամանակ մեր երկրում գրանցվեց բարձր ջերմային ռեժիմ: Բույսը, որպես կենդանի օրգանիզմ շատ նուրբ է, և բացասական ազդեցություն ունեցավ հատկապես բանջարանոցային մշակաբույսերի՝ հատկապես լոլիկի համար: Խաթարվեց նրա բնական կենսագործունեությունը, փոշոտում չկատարվեց և պտուղների գոյացումը չկայացավ հատկապես օգոստոսին: Այդ առումով մենք կորուստներ ուենցանք»:
Ջերմաստիճանից է կախված, թե ոչ, դժվար է ասել, սակայն, այս տարվա օգոստոսին հուլիսի համեմատ կրկին 0,1 տոկոս գնաճ է արձանագրվել. պարենային ապրանքները թանկացել են ՝ 0,3 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0,3 տոկոսով, ծառայությունների սականգերը նույնպես 0.1 տոկոսով աճել են:
Վերջին մեկ ամսվա ընթացքում հայ վիճակագիրները նաև գնանկում են արձանագրել, ցուցանիշերը փոխանցում է ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը.
«Վերջին մեկ ամվա ընթացքում՝ օգոստոսին, ամենամեծ գնանկումը արձանագրվել է ձվի գծով՝ 5,5 տոկոս, մրգի գները նվազել են՝ 5,1 տոկոսով, շաքարավազինը՝ 2,3 տոկոսով: Սուրճ, թեյ, կակաո ապրանքային խմբում գնանկումը կազմել է 0,4 տոկոս: Կաթնամթերքի գները նվազել են 1 տոկոսով: Գնաճ է արձանագրվել մսամթերք ապրանքային խմբում 0,3 տոկոս, այլ մթերքների գներն աճել են 0,1 տոկոսով, ոչ ոգելից խմիչքինը՝ 2,9 տոկոսով, ոգելից խմիչքի և ծխախոտի գներն աճել եմ 0,1 տոկոսով»:
ԱՎԾ-ն դիտարկում է կատարել 11 քաղաքներում, 5-ում գնաճ է արձանագրել, ամենաբարձր գնաճը Իջևանում է արձանագրվել, մայրաքաղաքում նույնբպես գնաճ է արձանագրվել, 4-ում՝ գնանկում: Բարձր գնանկումը Կապանում է արձանագրվել, երկուսում ՝գները անփոփոխ են մնացել:
Վերջին մեկ տարվա ընթացքում վիճակագիրները կրկին թանկացում են արձանագրել, 2015թ օգոստոսին 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ թանկացել են պարենայինը՝ 2,9 տոկոսով, ոչ պարենային ապրանքները՝ 6,5, ծառայությունները՝ 1,4 տոկոսով: 2014թ-ի դեկտեմբերի համեմատ 2015-ի օգոստոսին 2,1 գնանկում է արձանագրվել, պարենային ապրանքների գները նվազել են յոթ տոսոկով, ոչ պարենային ապրանքներինը՝ աճել են 3 իսկ ծառայությունների սակագները՝ բարձրացել են 1,1 տոկոսով:
Ի դեպ, փորձագետների մի մասը պնդում է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը նույնպես նոր ու հերթական գնաճի պատճառն է դառնալու: Առայժմ, սակայն, հետևանքները դեռ աննկատ են, քանի որ էլեկտարէներգիայի սակագնի բարձրացված մասը վճարելու բեռը ժամանակավորապես իր վրա է վերցրել հայրենի կառավարությունը: