Սահմանային լարվածության հարցը կքննարկվի ՀԱՊԿ վեհաժողովի շրջանակում


«ԵՏՄ-ն մաքուր տնտեսական կառուց է, այն անվտանգության հետ կապ չունի, ուստի այնտեղ սահմանային լարվածության մասին որևէ հարց չէր կարող լինել»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում զրույցում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Փոխնախարարը հավելել է, որ ՀԱՊԿ-ի վեհաժողովը նախագահների մակարդակով տեղի կունենա սեպտեմբերի 15-ի ն, և, ինչպես ՀՀ նախագահն է հայտարարել, ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ այդ հարցի մասին խոսվելու է:
Արդյո՞ք Հայաստանն ակնկալում է կոնկրետ գործողություններ ՀԱՊԿ վեհաժողովից: Ի պատասխան հարցադրմանը՝ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նախ շեշտեց, թե մեր անվտանգության եւ պաշտպանության հարցում մենք առաջին հերթին, մեր հույսը պետք է դնենք մեզ վրա: Ինչ վերաբերում է դաշնակից երկրների աջակցությանը՝ նրանց կողմից պայմանագրային պարտավորությունների կատարումն այլ հարց, ասաց Շավարշ Քոչարյանը՝ հավելելով. «Մենք պետք է ունենանք այն գիտակցումը, որ որեւէ երկիր, եթե իր պաշտպանության հույսը դնում է ուրիշի վրա, ներողություն, դա կարող է շատ տխուր ավարտվել»:
Արտաքին մթնոլորտը պետք է ձեւավորվի՝ կանխելու համար հնարավոր արկածախնդրությունը: Շավարշ Քոչարյանի խոսքով՝ եթե նման իրավիճակ լինի, ապա բնական է, որ առաջին հակահարված տվողն ու այդ արկածախնդրին տեղը դնողը մենք ենք: «Բայց մեզ համար նաեւ կարեւոր է յուրաքանչյուր երկրի դերակատարումը, առաջին հերթին այն երկրների, որոնց հետ մենք պայմանագրային հարաբերությունների մեջ ենք»:
Փոխարտգործնախարարն այսօր եւս մեկ անգամ շեշտեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման համար կա Մադրիդյան գործընթացը, որի տարրերը առկա են համանախագահների հրապարակված հայտարարություններում: «Դա մենք ընկալում ենք որպես մեկ միասնական փաթեթ, որտեղ կա եւ Ղարաբաղի կարգավիճակի հարցը, եւ անվտանգության երաշխիքների, եւս կան հարցեր, որոնք ավելի հետաքրքրում են Ադրբեջանին: Քանի որ Ադրբեջանը շեշտադրումն անում է միայն այն հարցերի վրա, որոնք իրեն են ձեռնտու, այդ իսկ պատճառով էլ առաջընթաց չկա: Եվ չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանն այդպես է վարվում, իսկ խոսել միակողմանի զիջումների մասին ուղղակի տարօրինակ է»։
Անդրադառնալով ԶԼՄ ներում տարածված այն լուրերին, որոնց համաձայն Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Աքսյոնովը ժամանելու է Հայաստան՝ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին մասնակցելու համար՝ Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Ղրիմի ղեկավարությանը, մասնավորապես, Սերգեյ Աքսյոնովին այցի պաշտոնական որեւէ հրավեր չի ուղարկել:
ՌԴ անձնագիր ունեցող յուրաքանչյուր ոք հանգիստ կարող է գալ Հայաստան, հավելեց փոխարտգործնախարարը: Նա հորդորեց հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ էլ ստանալ տարածքային կառավարման նախարարությունից, քանի որ այդ գերատեսչությունն է զբաղվում կազմակերպական հարցերով: