Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի այցելությունը Միացյալ Թագավորություն


Սեպտեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ֆիլիպ Համոնդ-ի հետ հանդիպումով մեկնարկել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան-ի պաշտոնական այցելությունը Միացյալ Թագավորություն, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ Ֆիլիպ Համոնդը կարևորել է բարձր մակարդակի ակտիվ շփումների շարունակականությունը։
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ վերջին շրջանում հաճախակիացել են բարձրաստիճան այցերը, խորհրդարանական շփումները, ակտիվացել են գործարար կապերը, ինչը լավ նախադրյալներ է ստեղծում տարբեր ոլորտներում փոխգործակցության առավել ամրապնդման և ընլայնման համար։
Հայաստանի ու Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղիները։
Նախարարներն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, համագործակցության իրավական նոր հենքի ստեղծման ուղղությամբ իրականացվող քայլերին:
Հայաստանի և Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից մտքեր փոխանակել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, սիրիական ճգնաժամի և դրա կարգավորման ուղիների, ահաբեկչության դեմ ուղղված միջազգային հանրության պայքարի, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունների և դրա հետ կապված զարգացումների վերաբերյալ։
ՀՀ արտգործնախարարը քարտուղար Համոնդին ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող միջոցառումները և դրանց խորհուրդը։ Այդ համատեքստում նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել ս.թ. մարտին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած` Ցեղասպանության կանխարգելման բանաձևը Մեծ Բրիտանիայի կողմից համահեղինակելու համար։
Այնուհետև Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշ է ունեցել ՄԹ եվրոպական հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնի հետ, որի ընթացքում քննարկման առարկա են դարձել հայ-բրիտանական հարաբերությունները, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը, ուկրաինական ճգնաժամը և դրա կարգավորման ուղիները, միջազգային մի շարք խնդիրներ։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման ուղիները: Նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող համատեղ ջանքերը։ Միացյալ Թագավորության եվրոպական հարցերով նախարարը իր երկրի աջակցությունն է հայտնել այդ ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը։
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը ծավալուն հարցազրույց է տվել «ԲիԲիՍի» հեռուստաընկերությանը։