Հասարակություն

Կառավարության նիստը սկսեց շնորհավորանքով

hasmikdilanyan
Կառավարության այսօրվա նիստի սկզբին վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին, քանի որ վերջինս առաջին անգամ է մասնակցում գործադիր մարմնի նիստին։ «Մաղթում ենք բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք»,-ասել է կառավարության ղեկավարը:

Ի դեպ, նորանշանակ նախարարը կառավարությունում իր առաջին նիստը սկսել է օրեսդիրից եկած առաջարկներից մեկը մերժելով:

Արփինե Հովհաննիսյանը գործադիրի այսօրվա նիստում ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Փաշինյանն առաջարկում է համապատասխան օրենքներում փոփոխություններ կատարել, որպեսզի տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումնների համար համեմատաբար հին ու էժանագին ավտոմեքենաների տերերը վճարեն սահմանված տուգանքների կեսը, իսկ թանկարժեք մեքենաների տերերը վճարեն ամբողջությամբ: Սակայն, Արդարադատության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել պատգամավորի նախագծին՝ պատճառաբանությամբ, որ բոլորը հավասար են օրենքի առաջ:

Կառավարությունը նաև դեմ է Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին: Դրանով առաջարկվում է օրենսգրքի 301-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ պատասխանատվություն սահմանելով իշխանությունը զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, Հայաստանի ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության դեմ արված հրապարակային հայտարարության կամ կոչի համար:

Նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ գործող քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար, ուստի նախագծով առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունը բացակայում է:

Back to top button