

Հաջորդ շաբաթ մեկնարկելու է ԱԺ աշնանային նստաշրջանը: Իսկ մինչ այդ՝ չխախտելով արդեն ձեւավորված ավանդույթը՝ «ԱԺ մոնիտորինգ» ծրագիրն ամփոփեց 7-րդ նստաշրջանի արդյունքները: Բացի բացահայտումներից, թե ով է ամենաակտիվ եւ պասիվ պատգամավորները, ովքեր են ամենաշատը կողմ քվեարկում կամ բացակայել, ծրագիրն ունի ավելի գլոբալ նպատակ՝ ի ցույց դնել խորհրդարանական աշխատանքի բացասական եւ դրական միտումները: Սակայն, այսօրվա զեկույցից պարզ դարձավ, որ բացասականը ԱԺ աշխատանքում, ցավոք, ավելի շատ է:
«ԱԺ մոնիտորինգ» ծրագիրը թույլ է տալիս պատգամավորներին կողքից դիտել իրենց աշխատանքը, տեսնել սխալները եւ փորձել շտկել դրանք: Բայց դրանից ԱԺ դերն ու որակը այդպես էլ չի բարձրանում: Օրինակ՝ Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում մթնոլորտի որոշ փոփոխություն է զգում: «Որ նոր էի ընտրվել՝ անընդհատ խոսվում էր խոհրդարանի դերի բարձրացման մասին: Վերջին երկու տարվա ընթացքում էլ չի խոսվում եւ ոչինչ չի արվում: Իրավիճակից էլ արդեն պարզ է, որ այդ դերը այլեւս չկա»:
Պատգամավորի այս կտրուկ գնահատականը փաստում են նաեւ թվերը, որ բացահայտել է «ԱԺ մոնիտորինգ» ծրագիրը: «ԱԺ-ն ավելի շատ օրենքներ է ընդունել արտահերթ նստաշրջանների ընթացքում , քա՝ն հերթականին: Արտահերթ հրավիրելու մենաշնորհն ամբողջությամբ տրված է կառավարությանը եւ այդ միջոցով ընդունվում են եւ փոփոխվում են կարեւորագույն օրենքները: Օրինակ՝ արտահերթի ընթացքում է որոշվել փոխել արտաքին պարտքի մասին օրենքը, արտահերթի ընթացքում է 5 վարկային համաձայնագիր վարերացվել՝ 600 միլիոն դոլարի ընդհանուր արժողությամբ, արտահերթի ընացքում Աշխատանքային օրենսգիրք է փոխվել»,- ասում է ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը։
Ներկայացված թվերի եւ դիտարկումների հետ համաձայն է նաեւ ՀԱԿ խմբակցությունից Գագիկ Ջհանգիրյանը: Նա ԱԺ դերի նվազումը մեկ այլ դիտանկյունից է ներկայացնում, «Ես սա կանվանեի օրենսդիր ինքնիշխանության զիջում կամ կորսուստ։ Մենք տարբեր արտաքին եւ ներքին ներդրողների պատվերներն ենք կատարում»:
ԱԺ- ում կան խնդրահարույց այլ հարցեր եւս: Ուսումնասիրությունները ցույց են տվել՝ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը որեւէ նստաշրջանի եւ նիստի չի մասնակցել: Ընդհանրապես՝ պատգամավորների բացակայությունների հարգելի եւ անհարգելի ճանաչելու խնդիրը մեծամասամբ տրված է ԱԺ նախագահին, թափանցիկությունն ապահովված չէ եւ դեռ պարզ չէ, թե ինչպես է լուծվելու այդ բացակայությունների հարցը:
Հաջորդ խնդիրը կապված է Էթիկայի հանձնաժողովի գործունեության հետ։ Անցած նստաշրջանին այդ հանձնաժողովը ցուցաբերել է աննախադեպ պասիվություն, չի ստացել որեւէ դիմում, չի հրավիրել ոչ մի նիստ։
Իսկ թվային արտացոլմամբ ՝ ԱԺ- ում հետեւյալ պատկերն է. ԱԺ ամենաակտիվ պատգամավորը՝ Արծվիկ Մինասյանը զիջել է իր դիրքերը ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին: Նստաշրջանի ակտիվությունն աճել է, բայց ավելացել են «լուռ» պատգամավորները: 131 պատգամավորից օրինագծերի քննարկումներին չի մասնակցել 74-ը: Նրանց մեջ ամենաշատը Հանրապետականներն են:
Ամենաշատ դեմ քվեարկած խմբակցությունը, ըստ մոնիտորինգի արդյունքների, «Ժառանգությունն» է, ամենաշատ ձեռնպահ քվեարկածը՝ ՀՅԴ-ն, ամենաշատ բացակայածն ու չքվեարկածը՝ ԲՀԿ-ն: Ամենաշատ դեմ քվեարկած պատգամավորն է Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱԿ-ից, ամենաշատ կողմ քվեարկածը՝ ՀՀԿ-ական Մնացական Մնացականյանը, իսկ ձեռնպահի կոճակն ամենշատը սեղմել է ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը: