Երկխոսություն Քոչարի հետ՝ ազգային պատկերասրահում


Երվանդ Քոչարի տուն-թանգարանը Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համատեղ այսօր արվեստը գնահատողների դատին հանձնեց «Երվանդ Քոչար. սերունդների երկխոսություն» ցուցահանդեսը, որն իր մեջ ընդգրկում է գեղանկար, գրաֆիկա, քանդակ և տարածական նկարչություն: Մեկ ամիս տևող ցուցահանդեսի ընթացքում ներկայացվելու են Քոչարի գործունեության երկու շրջաններում՝ փարիզյան և երևանյան, ստեղծված երկերը: Ցուցահանդեսում ներառված են նաև ստեղծագործություններ, որոնք նվիրված են հայ մեծերին՝ Սայաթ-Նովա, Կոմիտաս, Ոսկան Երևանցի, Տիգրան Մեծ, Վարդան Մամիկոնյան, Դերենիկ Դեմիրճյան, Ավետիք Իսահակյան, Հովհաննես Թումանյան:
Հայաստանի ազգային պատկերասրահի նոր տնօրեն Արման Ծատուրյանն այսօր բացեց իր պաշտոնավարման ընթացքում անդրանիկ ցուցահանդեսը՝ «Երվանդ Քոչար. սերունդների երկխոսություն» խորագրով: Գեղանկար, գրաֆիկա, քանդակ և տարածական նկարչություն. այս ժանրերում Քոչարը ներկայացվեց նրա արվեստը գնահատողներին: Հենց տարածական նկարչության նմուշներն էլ Փարիզում մեծ ճանաչում են բերել Քոչարին:
Մեկ ամիս տևողությամբ ցուցահանդեսում ներկայացված են Քոչարի գործունեության երկու՝ փարիզյան և երևանյան շրջաններում ստեղծված ստեղծագործությունները, սակայն գերակշիռ մասը երևանյան շրջանի գլուխգործոցներն են: Այս ցուցահանդեսում տարածական նկարչությունից ներկայացված է «Երևան-Էրեբունի», երևանյան շրջանի գործերում հատկանշական են հայկական էպոսի՝ «Սասունցի Դավթի» նկարազարդումները, որոնք էլ հայ գրքային արվեստի գլուխգործոցներից են:
Ցուցասրահում տեղ են գտել նաև հայ նշանավոր գործիչներին նվիրված դիմանկարներ: «Երկու սրահներում ինչքան միտք կա, ինչքան մոտեցումներ կան, մեր մեծերի դիմանկարների ֆանտաստիկ շարքը, մեր հինավուրց մայրաքաղաքին՝ Էրեբունսւն նվիրված այդ գործը: Այդ բոլոր սյուռեալիստական մոտեցումները ներկայացվեցին նաև մեր երկրի սահմաններից դուրս: Եթե անդրադառնանք մի քանի տարի առաջ Հայաստանում կազմակերպված սյուռեալիստների ցուցահանդեսին, որտեղ առանձին հատվածով ներկայացված էին հայ արվեստագետները, այսօր վստահությամբ կարող ենք ասել, որ առաջին դիրքերում է Երվանդ Քոչարը»,- ասում է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։
Ցուցահանդեսում ներկայացված են թե՛ Քոչարի թանգարանից, թե՛ Հայաստանի ազգային պատկերասրահից և թե՛ անհատական հավաքածուներից գործեր։ Նոր հարցեր առաջադրող և դրանց պատասխանները փնտրող արվեստագետի՝ այս ցուցահանդեսում ներկայացված փարիզյան շրջանից ներառված գործերից «Ընտանիք- սերունդներ» ստեղծագործությունը ցույց է տալիս , որ ընտանիքը մարդկության այն հանգույցն է, որի զորությունը սերունդների առողջ հաջորդականության մեջ է:
Նրա բազմաժանր արվեստը, ըստ թոռնուհու՝ Կարինե Քոչարի, ստիպում է հանդես գալ նորանոր ցուցահանդեսներով: Յուրաքանչյուր նոր ցուցադրություն երկխոսություն է մեծ արվեստագետի հետ, ասում է: «Հայաստանի ազգային պատկերասրահն ունի քոչարյան ստեղծագործությունների մեծ հավաքածու, սակայն երբեև այստեղ անհատական ցուցահանդես չի կազմակերպվել և այս անգամ համադրելով անհատ կոլեկցիոներների և թանգարանի հավաքածուներով ներկայացնում են այս ցուցադրությունը, որն էլ ներկայացնում է հայ ժողովրդի հերոսական անցյալը, նրա ներկան ու ապագան: Եվ կարծում ենք, որ քոչարյան ոգու այդ ասպեկտները մինչ այսօր էլ կատարում են իրենց առաքելությունը»:
Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի համար էլ Երվանդ Քոչար արվեստագետը մանկուց է հայտնություն: Աշխարհը նոր հայացքով ու մոտեցումներով մեկնաբանող Քոչարի ստեղծագործությունները, ինչպես խոստովանում է նկարիչ Կարեն Աղամյանը, իր աշխարհայացի ձևավորման փուլում մեծ նշանակություն է ունեցել: