Քաղաքական

ԼՂՀ կողմից Ադրբեջանի դեմ քրեական գործերի հարուցումն ինքնանպատակ չէ, ասում է դատախազը

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Այս տարի  արցախցի հողագործները  հրդեհների պատճառով ավելի քան 650 հա-ի վրա հացահատիկի բերք են կորցրել: ԼՂՀ իրավապահ մարմինները հարուցված  քրեական գործերի շրջանակներում հաստատել են, որ  շփման գծի երկայնքով հրդեհների մի մասը ծագել է ադրբեջանական կողմում: Ըստ այդմ՝ քրեական գործերից 9-ը հարուցվել է «ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու, հրկիզման եղանակով, ազգային ատելության շարժառիթով առանձնապես խոշոր չափով  գույքային վնաս պատճառելու» հատկանիշներով։

 

ԼՂՀ դատախազության տվյալներով՝ ադրբեջանցիների մեղքով ծագած հրդեհների արդյունքում ԼՂՀ 58 քաղաքացու պատճառվել է  ավելի քան 160 մլն.  դրամի գույքային վնաս: ԼՂՀ դատախազության կոռուպցիոն , տնտեսական, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների   գործերով բաժնի ավագ դատախազ Գուրգեն Ներսիսյանի խոսքով՝ մինչև քրեական գործերի հարուցումը  կատարվել են փորձաքննություններ, որոնց արդյունքում էլ հաստատվել է, որ եղել են հրկիզումներ և դրանց հեղինակը ադրբեջանցի սահմանապահ զինծառայողներն են:

Հարցուցված քրեական գործերի ճակատագրի մասին խոսելով՝ Գուրգեն Ներսիսյանն ասում է, որ ներկա փուլում քրեական գործ հարուցելն ինքնանպատակ չէ, դա դատավարական պահանջ է, որին պետք է հավատարիմ լինեն քրեական հետապնդման բոլոր մարմինները:

Միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանին գույքային պահանջ ներկայացնելու հիմքեր արցախցի իրավապահները տեսնում են, բայց նաև կարծում են, որ տվյալ պահին դա հնարավոր չէ: «Դրան  ներկա փուլում խոչընդոտում է ԼՂՀ իրավասուբեկտիվության խնդիրը, բայց  միջազգային իրավունքի հարթության մեջ Ադրբեջանին որոշակի հարցեր առաջադրելու հիմքեր կան։ Սակայն առայժմ հայկական կողմին ընդամենը մնում է  ներկայացնել հակառակորդի՝ իրավիճակը ապակայունացնող յուրաքանչյուր գործողություն, որը գուցե հիմք հանդիսանա հետագայում միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ պատասխանատվության քաղաքական մեթոդը կիրառելու համար»։

Իսկ հիմա, Գուրգեն Ներսիսյանի խոսքով, ամենահավանական տարբերակն այն է, որ  հանցագործությունը հաստատվելու դեպքում քրեական գործի վարույթը կասեցվելու է՝ հանցանք կատարած անձի անհայտ լինելու պատճառաբանությամբ: «Ցավոք՝ այս պայմաններում նման ընթացք են ստանում նաև Ադրբեջանի կողմից  ԼՂՀ զինծառայողների և խաղաղ բնակիչների, քաղաքացիների սպանության դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործերը»:

Ըստ ԼՂՀ դատախազության ներկայացուցչի՝   քրեական գործի վարույթի կասեցումը չի ենթադրում նախաքննության ավարտ։ «Ներկայումս գործող խոչընդոտները հետագայում բացառվելու դեպքում քրեական գործի վարույթները ենթակա կլինեն վերսկսման ՝համապատասխան պատասխանատվության, այդ թվում՝ գույքային պատասխանատվության միջոցները կիրառելու և այդ հարցերը քննարկելու համար»։

 

Back to top button