ՄշակույթՑեղասպանություն 100

«Լա Սկալայի» ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

«Լա Սկալայի» ֆիլհարմոնիկ նվագախումբը Հռոմում հանդես է եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Քեզ հետ, Հայաստան» խորագրով համերգով:

Նվագախումբը ղեկավարում էր բրիտանացի հայտնի դիրիժոր Դանիել Հարդինգը: Համերգը կայացել է իտալացի աշխարհահռչակ ճարտարապետ Ռենցո Պիանոյի նախագծով կառուցված Հռոմի երաժշտական աուդիտորիում համալիրի Սինոպոլի դահլիճում:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, համերգը կազմակերպել էր «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հովանավորությամբ և Իտալիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ:

Նախքան համերգի մեկնարկը Սինոպոլի լեփլեցուն դահլիճում հանդիսատեսներին ողջույնի խոսքով դիմել է Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը: Նա կարևորել է  երաժշտության դերը համամարդկային արժեքների շուրջ համախմբման գործում՝ նշելով, որ «չկա ավելի համամարդկային լեզու, քան երաժշտությունը, որի միջոցով հնարավոր լինի դիպչել մարդկանց հոգիներին և նրանց պատմել մարդկության դեմ ուղղված այնպիսի հանցագործության մասին, ինչպիսին ցեղասպանությունն է»: Դեսպանը հավելել է, որ մեր օրերում Միջին Արևելքում կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ զանգվածային հալածանքների դեպքերը վկայում են, որ ցեղասպանության թեման այսօր ևս արդիական է:

Համերգի ժամանակ հնչել են  Արամ Խաչատրյանի, Բեթհովենի և Դվորժակի ստեղծագործությունները:

Համերգին ներկա են եղել  ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, իտալացի մշակութային և հասարակական գործիչներ, Իտալիայում հավատարմագրված դեսպաններ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Ըստ աղբյուրի, միջոցառմանը լայնորեն անդրադարձել են իտալական առաջատար մամուլն ու հանրային հեռուստատեսությունը:

 

Back to top button