Միջազգային

Իրանն ու Հունաստանը ռուսական ինքնաթիռներին օդային միջանցք են տրամադրել

marlenahovsepyan

Իրանը թույլ է տվել ռուսական ինքնաթիռներին թռչել Սիրիա՝ հումանիտար օգնություն հասցնելու նպատակով, «Ինտերֆաքսին» հայտնել է Թեհրանում ռուսական դեսպանության մամուլի խոսնակ Մաքսիմ Սուսլովը։ «Ռուսական դեսպանությունը ստացել է բոլոր թռիչքների թույլտվությունը ռուսական ինքնաթիռների համար, որոնք մեկնում են Սիրիա՝ հումանիտար օգնություն տանելու նպատակով»,- նշել է Սուսլովը։

Բուլղարիան նույնպես հայտարարել է, որ պատրաստ է թույլ տալ Ռուսաստանին օգտագործել երկրի օդային տարածքոը Սիրիա հումանիտոր բեռներ տեղափոխելու համար: Սակայն ռուսական կողմը պետք է թույլ տալ ստուգել տեղափոխվող բեռները: «Եթե մեր ռուս գործընկերները պատրաստ են բուլղարական օդանավակայանում թույլ տալ ստուգումներ իրականացնել, ապա մենք կտրամադրենք մեր տարածքը»,- այսօր հայտարարել է Բուլղարիայի արտգործնախարար Դանիել Միտովը:

Բուլղարիայի իշխանությունները Սիրիա թռիչքներ իրականացնող ռուսական բեռնատար օդանավերի համար օդային տարածքը փակելու մասին հայտնել էին նախօրեին: Այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ «այժմ կան հիմքեր՝ կասկածի տակ դնելու ռուսական ինքնաթիռներով տեղափոխվող բեռների հումանիտար նշանակությունը»: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Մոսկվան սպասում է հիմնավոր բացատրությունների:

Այսօր տեղեկություն է տրվել, որ Հունաստանը նույնպես հումանիտար բեռներ տեղափոխող ռուսական քաղաքացիական ինքնաթիռներին Սիրիա թռիչքներ իրականացնելու նպատակով օդային միջանցք է տրամադրել: «Ինտերֆաքսը», հղում անելով Աթենքում Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայությանը, հայտնում է, որ համապատասխան նոտան արդեն ձևակերպվել է:Նախօրեին Հունաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը տեղեկացրել էր, որ Միացյալ Նայանգները դիմել է Հունաստանի իշխանություններին ռուսական ինքնաթիռներին օդային միջանցք չտրամադրելու խնդրանքով:

Նշենք, որ վերջին շրջանում Միացյալ Նահանգները Ռուսաստանին մեղադրում է Սիրիային ռազմական աջակցություն ցուցաբերելու մեջ։ Վաշինգտոնի պնդմամբ՝ Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցում են ռուս զինվորներ, ռուսական կողմը նախագահ Ասադի կողմնակիցներին տրամադրում է նաև ռազմական տեխնիկա:

ԱՄՆ նաև կասկածներ ունի, որ Ռուսաստանը Լաթաքիայում ռազմակայան է ստեղծում: Վաշինգտոնից ուշի ուշով հետևում են իրադարձությունների զարգացմանը: Փորձագիտական շրջանակներում ևս ստացվող լուրերի ֆոնին կարծում են, որ Ռուսաստանն իսկապես ակտիվացրել է ռազմական մատակարարումները արաբական հանրապետություն, սակայն հստակ ապացույցներ ամերիկյան կողմը դեռևս չի ներկայացրել:

Հնչում են նաև կարծիքներ, որ Սիրիա զինուժ ուղարկելու մեղադրանքները կարող են լինել Մոսկվայի նկատմամբ ճնշում գործադրելու դրսևորում:

Back to top button