Գյուղատնտեսական տարին բարեհաջող էր.Սերգո Կարապետյան


Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպել է լրագրողների հետ ու ներկայացրել այս տարվա անցած յոթ ամիսների ընթացքում ոլորտում գրացված արդյունքները: Նախարարի խոսքով, ընդհանուր առմամբ տարին բարեհաջող է, ցրտահարություն չի գրանցվել, սակայն, բանջարեղենի վրա ու հատկապես լոլիկի վրա իր բացասական ազդեցությունն է ունեցել բարձր ջերմաստիճանը: Կարտոֆիլի շուկայում գրանցված բարձր գինը ոլորտի պատասախանատուն կրկին բնակլիմայական պայմաններով է պայմանավորել՝ Արարատյան դաշտավայրում վաղահաս կարտոֆիլը ջերմային բարձր ռեժիմի պատճառով ամբողջությամբ հողից հանվել ու վաճառվել էր: Արդյունքը՝ հատկապես օգոստոսին, կարտոֆիլի դեֆիցիտն էր շուկայում: Հետևելով գնային տատանումներին՝ Սերգո Կարապետյանը հայտարարել է, որ վերջին երեք օրերին կարտոֆիլի գինը կտրուկ նվազել է: Նախարարը վստահեցրել է՝ կարտոֆիլի բերքն այնքան է, որ ոչ միայն կբավարարի բնակչությանը, այլ նաև նախորդ տարիների նման կարտահանվի: Արդեն երկու օր է, որ սկսվել է խաղողի մթերումը, մթերվել է 4500 տոննա խաղող: Վերամշակող ընկերությունները գյուղացուց կվերցնեն խաղողի ողջ բերքը, սակայն, գուցե վճարումներն ուշանան:
Ամիսներ առաջ գյուղատնտեսության ոլորտի տարբեր փորձագետներ ահազանգում էին՝ վերամշակող ընկերությունները, ռուսական ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված, ֆինանսական լուրջ խնդիրներ ունեն: Գինու և կոնյակի արտահանումը կտրուկ նվազել է, ռուսական ռուբլին արժեզրկվել, իսկ արտահանված խմիչքի դիմաց ռուսական ռուբլիով կատարած վճարումները չնչին գումար են կազմում: Փորձագետների՝ ամիսներ շարունակ հնչող հայտարարություններն այսօր նաև գյուղատնտեսության նախարարը հաստատեց՝ վերմշակող ընկերություններն իսկապես խնդիրներ ունեն, սակայն, նրանք պատրաս են գյուղացուց ընդունել մինչև վերջին կգ խաղողը: Բերքը կընդունեն, սակայն, կուշացնեն վճարումները՝ վերամշակող ընկերություններին էլ պետք է հասկանալ ու աջակցել,- ասաց Սերգո Կարապետյանը: Վճարումների ուշացման մասին նաև գյուղացիներն են տեղյակ. «Եթե անցյալ տարի մենք մինչև դեկտեմբերի վերջ ամբողջապես մթերված խաղողի դիմաց վճարումները կատարվեցին, այս տարի հնարավոր մի քիչ ձգձգվի մինչև մարտ-ապրիլ ամիս»:
Այս տարի առատ է ոչ միայն խաղողի բերքը: Ընդհանրապես սա եզակի տարի էր,որ ցրտահարություն չգրանցվեց, սակայն, հատկապես բանջարեղենի վրա իր բացասական ազդեցությունն ունեցավ ամռան կեսերից գրանցված բարձր ջերմային ֆոնը: Վաղահաս կարտոֆիլն ավելի արագ հողից հանվեց, ինչը շուկայում դեֆիցիտի ու կարտոֆիլի բարձր գնի պատճառ դարձավ, 40 և ավելի դրական ջերմաստիճանը նաև լոլիկի բերքի վրա ազդեց: 78 համայնքներում տեղացած կարկուտը գյուղատնտեսությանը մոտ յոթ միլիարդ դրամի վնաս հասցրեց: 2014-ին վնասը կազմում էր 17,5 մլրդ դրամ: Կառավարությունը քննարկում է կարկտահարված համայնքների օժանդակության հարցը:
«Պետությունը չի կարող ամբողջությամբ փոխհատուցել, սակայն, օժանդակել կարող ենք»,- անկեղծացավ ոլորտի պատասխանատուն: Ոլորտի պատասխանատուն հերքեց մամուլի հրապարակումներն այն մասին, որ նախարարի հայրենի Արտաշատ քաղաքում գործող Արտֆուդ ընկերությունը հրաժարվում է կարկտահարված պտուղ-բանջարեղենը մթերել, ավելին, խոսակցությունները Սերգո Կարապետյանը անլուրջ համարեց.«Այդպիսի դեպք չի եղել, եթե այդպիսի դեպք կա, դուք բերեք ներկայացրեք, ով, անուն-ազգանունը և որ համայնքից: Այդպիսի բան չկա: Բերքն ամբողջապես մթերվել է: Նույնիսկ կարող եմ ասել,որ այս տարի արտահանման ծավալներն այնքան մեծ են,որ արտահանվել է անգամ կարկտահարված բերքը: Դրա պահանջարկը կար, մթերման առումով ոչ մի խնդիր չունենք»:
Բերքառատ տարվա ընթացքում ավելացել են նաև արտահանման ծավալները, արտահանման մեջ գերակշռում է Եվրասիական տնտեսական միության երկրների մասնաբաժինը, մասնավորապես Ռուսաստանին բաժին է ընկել արտահանման ընդհանուր ծավալի 82.9 %-ը, 2014 թվականի նույն ժամանակահատվածի 32.9 %-ի դիմաց: Այս օրերին էլ արտահանման գործըթնացը շարունակվում է: Վերին Լարսի անցակետում ամեն ինչ կարգին է, իսկ մոտ ապագայում դժվար թե ԵՏՄ անդամ երկրներում առևտուրը ռուսական ռուբլիով կազմակերպվի: