Քաղաքական

Տարածաշրջանային նոր սպառնալիքները.ԻՊ եւ քրդական հարց

lianaeghiazaryanhasmikmartirosyan
Սիրիական հակամարտության թնջուկը քանդվելու փոխարեն նոր խառաշփոթի է վերածվում: Վերջին օրերին անհանգիստ է Դամասկոսը: Մարտական գործողություններից հեռու գտնվող Լաթաքյան նույնպես զոհ է դառնում հակամարտության սցենարիստների տրամաբանությանն, ասել է թե երբեմնի արաբական երկրների օազիսն այսօր ընկրկում է ինչպես արտաքին ուժերի, այնպես էլ ներքին ընդվզումների դեմ: Ով է այսօր միջազգային հանրության պայքարի թիրախը՝ ԻՊ-ը թե Սիրիայի առաջնորդը՝ ներկայացնում են արաբագետները: Իսկ թուրքագետ Լեւոն Հովսեփյանն այսօր անդրադարձել է Թուրքիայում տիրող անկայուն իրավիճակին ու շեշտել` այն դեռ երկար կշարունակվի, իսկ դրանից դուրս գալու համար Էրդողանն արդեն պատրաստ է դիմել ամեն քայլի` արդեն Թուրքիայի հեղինակությունն էլ ոտնահարելով:

Հովսեփյանը շեշտել է` Թուրքիայում իրավիճակը բարդ է եւ այսպես դեռ երկար կշարունակվի: Հիշեցնենք, որ իրավիճակն այդ երկրում լարվեց խորհրդարանական ընտրությունների ժամանակ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության ձախողումից հետո: Քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն ընտրությունների արդյունքում իր համար 80 մանդատ ապահովեց Մեջլիսում, իսկ իշխող ուժը մեծամասնություն չկարողանալով ապահովել՝ հայտարարեց նոյեմբերին արտահերթ ընտրությունների անցկացման մասին: Հենց սա էլ հանգեցրեց քրդական բանվորական կուսակցության՝ 2,5 տարի տևած զինադադարից հետո լայն թափով ռազմական գործողությունների:

«Քրդստանի բանվորական կուսակցության ակտիվ գործունեությունը խնդիրներ է առաջացնում Թուրքիայում՝ ազդեցություն ունենալով տարածաշրջանի անվտանգության միջավայրի վրա»,-ասաց Հովսեփյանն ու շեշտեց` ի վերջո քրդական խնդրի լուծման բանալին բանակցությունների սեղանին է: Բայց քրդերի`ցմահ բանտարկության ենթարկված առաջնորդ Աբդուլա Օջալանի բանակցություններն Էրդողանի իշխանության հետ այլեւս նախկինը չեն լինի, երկու կողմերն էլ նոր «կարմիր գծեր» են քաշել բանակցություններում` նոր պահանջների առաջադրմամբ: Իսկ քանի դեռ բանակցությունները չեն վերսկսվել,  Էրդողանը պատրաստ է ամեն, անգամ անթույլատրելի քայլի` չեզոքացնելու քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը»: Դիտարկումները՝ «Ռադիոլուրի» թեմատիկ անդրադարձում:

Back to top button