Հասարակություն

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից

Ամեն տարի անփոփոխ՝ սեպտեմբերի 8-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից: Նշման ամսաթիվն անփոփոխ է, քանի որ տոնը շարժական չէ:

Qahana.am կայքը գրում է, որ Ս. Աստվածածնի ծնունդը նկարագրված չէ Աստվածաշունչ մատյանում, այն մեզ փոխանցվել է Եկեղեցու Սրբազան ավանդությամբ: Կույսի ծնողները` Հովակիմն ու Աննան երկար ժամանակ երեխա չէին ունենում, քանի որ վերջինս ամուլ էր: Եվ մի օր, երբ Աննան իջնում է պարտեզ աղոթելու, հանկարծ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում, որ զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Աննան գոհություն է հայտնում Աստծուն, որ լսեց իր անդադրում աղոթքների ձայնն ու խղճաց իրեն: Նա խոստանում է իր զավակին Աստծուն նվիրել: Նույն այս տեսիլքը երևում է նաև Հովակիմին` հայտնելով բարի լուրը: Ս. Կույսի հայրը նույնպես փառք է տալիս Բարձրյալին այդ մեծ շնորհին արժանանալու համար և իր ընտիր արջառներից ու ոչխարներից մատաղ է անում` բաժանելով աղքատներին: Աննան հղիանում է, ունենում մի աղջիկ, որին անվանում են Մարիամ, այսինքն` լուսավորյալ: Նա էր այն ընտրյալը երկրի վրա, ում Աստված իր առաքինությունների ու արժանիքների շնորհիվ պատվեց լինելու Աստծու մայրը: Նա տառապեց իր Որդու համար, սակայն երբեք չերկնչեց ու չընդդիմացավ Աստծուն` քաջ գիտակցելով Բարձրյալից իրեն վստահված առաքելության կարևորությունը:

Նա առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է:

Այսօր եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ:

 

Back to top button