ԿարևորՏնտեսական

Հայաստանի վարչապետն առաջարկում է ԵՏՄ- ում նվազեցնել դոլարով փոխհաշվարկները

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ԵՏՄ երկրներում ռազմավարական ապրանքների առեւտրի դեպքում հաշվարկային միավոր ընդունել ռուսական ռուբլին, հայտնում ՏԱՍՍ- ը։

Այժմ երկրների միջեւ առեւտրաշրջանառությունն իրականացվում է ԱՄՆ դոլարով։ Հայաստանի վարչապետի կարծիքով՝ պետք է ընդալնել առեւտրաշրջանառությունը կազմակերպության ազգային արժույթներով։ «Անհրաժեշտ է միջոցառումներ ձեռնարկել փոխադարձ հաշվարկները ազգային արժույթներով ակտիվացնելու եւ դոլարիզացումը կրճատելու համար։ Այս համատեքստում կարեւոր է ռազմավարական ապրանքների փոխադարձ առեւտրի իրականացումը ռուբլու հիման վրա՝ առանց դոլարի հետ կախվածության»,- Հովիկ Աբրահամյանի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ- ը։

«Բելտա» գործակալությունն էլ ընդգծում է Հայաստանի վարչապետի մեկ այլ՝ ԵՄ հետ սերտ համագործակցության մասին հայտարարությունը։ «Հաշվի առնելով ԵՄ հետ առեւտրատնտեսական համագործակցության շուրջ կուտակված բանակցային փորձը՝ մենք պատրաստ ենք աջակցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին  նման երկխոսություն հաստատելու գործում եւ անհրաժեշտության դեպքում առանձին բանակցային հարցերի պարտավորություն ստանձնել»,- ասել է վարչապետը։ Ըստ նրա՝ նման փոխգործակցությունը պետք է հիմնվի ինտեգրման գործընթացների փոխշահավետ զարգացման սկզբունքի ապահովման վրա՝ միտված ապրանքների, աշխատուժի, ծառայությունների եւ կապիտալի ազատ շարժի վրա, Հովիկ Աբրահամյան խոսքերն է փոխանցում «Բելտան»։

Հանրապետության վարչապետն այս հայտարարությունն արել է բելառուսական Գրոդնոյում՝ մասնակցելով ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական  ինտեգրման  և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, փոխնախարար Սուրեն Կարայանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Գրոդինիում նախ կայացել է ԵՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով, որին հաջորդել է ԵՏՄ  անդամ երկրների միջկառավարական  խորհրդի նիստը՝ ընդլայնված կազմով:

ԵՏՄ անդամ պետությունների վարչապետները քննարկել են ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կառավարությունների ղեկավարները, մասնավորապես, քննարկել  են ԵՏՄ շրջանակում   արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղություններին, մակրոտնտեսական  և ֆինանսական կայունության ապահովմանը, ծառայությունների միասնական շուկայի ձևավորմանը, արտասահմանյան երկրների ու միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:

Անդրադառնալով օրակարգային հարցերին՝ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր խոսքում նշել է, որ  հայկական կողմն աջակցում է  նիստում ներառված և համաձայնեցված փաստաթղթերի նախագծերի ընդունմանը, որոնք ընդգրկում են ԵՏՄ-ի շրջանակներում  համագործակցության տարբեր ոլորտներ: Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում  է այն քայլերը, որոնք ուղղված են արդյունաբերական համագործակցության ընդլայնմանը և խորացմանը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Այս համատեքստում ընդգծելով Հայաստանի Հանրապետության հարուստ փորձն ու մասնագիտացումը՝  ՀՀ վարչապետը նշել է հայկական կողմի պատրաստակամությունը Եվրասիական ինժեներական կենտրոնի համար հարթակ տրամադրելու հարցում:

ԵՏՄ միջկառավարական  խորհրդի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկով  որոշվել է հաջորդ նիստն անցկացնել  Հայաստանում:

Նիստի վերջում ԵՏՄ անդամ պետությունների վարչապետները ստորագրել են մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնք սահմանում են փոխգործակցությունը մտավոր սեփականության, որոշ ապրանքների դրոշմավորման համակարգի  ներմուծման, ծառայությունների ընդհանուր շուկայի ձևավորման և այլ հարցերում:

ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո վարչապետները մասնակցել են  «RFID» տեխնոլոգիաների ցուցադրությանը,  այցելել «Կորոբչիցի»  ագրոտուրիստական համալիր:

Back to top button