ԿարևորՀասարակություն

Ա. Նազարյան. Կոնկրետ դեպքը գաղտնիք չի համարվում

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի պատասխանները  «Հայ զինվոր» թերթի հարցերին

Հարց. Օրերս հրապարակումներ եղան, թե զինված ուժերում ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան ելքով դեպքերը գաղտնագրվում են: Արդյո՞ք զոհված զինծառայողների հարազատներին կամ քաղաքացիական հասարակության անդամներին արգելվում է տեղեկատվություն ստանալ զինված ուժերում գրանցված մահվան ելքով դեպքերի վերաբերյալ:

Պատասխան. Խոսքը վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարարի 09.07.2015թ. թիվ 9-Ն հրամանով հաստատված «ՀՀ ՊՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկին»:

Հարկ է նկատել, որ վերջին մի քանի տարիների ընթացքում համացանցում հրապարակվում են տեղի ունեցած դժբախտ պատահարների և մահվան ելքով դեպքերի մասին` նշելով նաև դեպքին առնչվող որոշակի հանգամանքներ: Դրա վկայությունն է նաև ՀՀ պաշտպանության նախարարության կողմից վերջին օրերին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ տեղակատվության տրամադրումը:

Հետևաբար, այն դիրքորոշումը, որ հրամանով արգելվում է զոհված զինծառայողների հարազատներին կամ քաղաքացիական հասարակության անդամներին տեղեկատվություն ստանալ զինված ուժերում գրանցված մահվան ելքով դեպքերի վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը և հրամանի տրամաբանությանը:

Եվ մարտական և ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների վերաբերյալ տեղեկությունները հասանելի են թե ծնողներին և թե հանրությանը:

Գաղտնիք է համարվում ոչ թե կոնկրետ դեպքը, այլ՝ «Զորքերում տեղի ունեցած արտակարգ դեպքերը, պատահարները, ինչպես նաև դրանց պատճառները բացահայտող ամփոփ տեղեկությունները` ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի` պայմանավորված ռազմաքաղաքական և օպերատիվ իրադրության փոփոխությամբ»:

Այս հանգամանքն անտեսվում է հրամանի դրույթների՝ յուրովի մեկնաբանման ժամանակ:

Ծնողները զրկված չեն տեղեկատվություն ստանալուց նաև դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի քննության ընթացքում:

Հարց. Ձեր դիրքորոշումը ՀՀ պաշտպանության նախարարի 09.07.2015թ. թիվ 9-Ն հրամանը դատական հայցով վիճարկելու վերաբերյալ:

Պատասխան. ՀՀ քաղաքացիական օրենսդրության համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ և օրենքով սահմանված կարգով: Ուղղակի ցանկալի է, որպեսզի հայցապահանջների իրավական հիմքերը լինեն հիմնավորված:

Back to top button