Արտահերթ ընտրություններում Էրդողանի կուսակցությունը նվազ ձայներ կհավաքի. թուրք վերլուծաբան


Թուրքիայում նոյեմբերին կայանալիք խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններում Էրդողանի կուսակցությունը առավել նվազ ձայներ կհավաքի եւ ստիպված կլինի նորից մտածել կոալիցիա ձեւավորելու մասին: Այս համոզմունքն է այսօր հայտնել Երեւանում կայացած հայ-թուրքական հարաբերություններին նվիրված խորհրդաժողովի թուրք մասնակից, վերլուծաբան Օզգյուր Ունլուհիսարչիկլին: Վերլուծաբանը անդրադարձել է նաեւ սպասվող ընտրությունների արդյունքում քաղաքական ուժերի հնարավոր դասավորության եւ դրա՝ Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա հնարավոր ազդեցության խնդրին՝ մասնավորապես հայ-թուրքական հնարավոր օրակարգի առումով:
Էրդողանը հույս ունի, որ նախորդ խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայում եւ նրա շուրջ ծավալված իրադարձությունները կնպաստեն, որ վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում ընտրողները նախընտրեն կայունությունը եւ անվտանգությունը՝ առավել շատ ձայներ տալով իշխող կուսակցությանը: Սակայն, վերլուծաբան Օզգյուր Ունլուհիսարչիկլին վստահ է, որ Էրդողանի այդ սպասումները չեն արդարանա: Ըստ թուրք վերլուծաբանի՝ հարցումները ցույց են տվել, որ քրդական կուսակցությունը կպահպանի իր ձայներն ու կավելացնի, մինչդեռ իշխող կուսակցության օգտին տրված ձայները կպակասեն: Դրան կնպաստեն նաեւ Թուրքիայում եւ նրա շուրջ վերջին շրջանում ծավալված իրադարձությունները, այդ թվում՝ իշխող կուսակցության ներկայացուցիչների շուրջ պայթած կոռուպցիոն սկանդալները:
Թուրք վերլուծաբան Օզգյուր Ունլուհիսարչիկլին համոզված է, որ իշխող կուսակցությունը, համարժեք ձայներ կրկին չհավաքելով, ստիպված կլինի կոալիցիա կազմել: Ըստ վերլուծաբանի՝ կախված հենց այդ կոալիցիայից կարելի է ասել, թե հայ-թուրքական հարաբերությունների առումով դրական, թե բացասական օրակարգի է պետք սպասել: Նրա խոսքով՝ եթե կոալիցիա ձեւավորվի քրդական Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության հետ, ապա՝ հնարավորությունները մեծ են, որ Հայաստանի նկատմամբ Թուրքիան կձեւավորի դրական օրակարգ: Օզգյուր Ունլուհիսարչիկլին ասաց, թե իր համար մեկ բան հստակ է՝ եթե հաջորդ անգամ, երբ բանակցություններ լինեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, ապա պետք է հայ-թուրքական հարաբերությունները ապակապակցել երկու հանգամանքից: Առաջինը, թուրք վերլուծաբանի ձեւակերպմամբ, «15 թվականի իրադարձություններից ապակապակցումն է» եւ երկրորդը՝ պետք է ապակապակցվեն թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանական տարաձայնություններից: Վերլուծաբանը դա բարդ խնդիր է համարում, սակայն, կարծում է, որ այդ դեպքում միայն խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստան-Թուրքիա հարաբերություններում դրական օրակարգ ձեւավորելու հնարավորություն կարող է լինել:
Հայ փորձագետները, սակայն, կարծում են, որ դրական սպասումներն այսօր հիմք չունեն: Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ ինչ էլ լինի, սկիզբը պետք է Անկարայից լինի, քանի որ հենց այնտեղ մարեցին ցյուրիխյան հայտնի արձանագրությունները:
Նշենք, որ հայ-թուրքական հարաբերություններին նվիրված այսօրվա խորհրդաժողովը կազմակերպել էր Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնը՝ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: