Ալիեւների ընտանիքի տնտեսական շահը բացառում է նոր պատերազմ հրահրելը, փորձագետ


«ԼՂՀ բանակցային գործընթացը տուժեց Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ բանակցային գործընթացում Ադրբեջանն ադեկվատ գործընկեր չէ»,-նման տեսակետ է հայտնել «Ռազմինֆո» մասնագիտական կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը: Փորձագետն անդրադարձել է մասնավորապես վերջին շրջանում սահմանային լարվածությանն ու դրա դրդապատճառներին: Արդյոք Ադրբեջանը նոր պատերազմ է հրահրում: Կարեն Վրթանեսյանի համոզմամբ՝ ոչ, քանի որ Ալիևների ընտանիքի տնտեսական շահը դա բացառում է:
«Սահմանային լարվածության ստեղծմամբ Ադրբեջանը միշտ միևնույն նպատակն է հետապնդում՝ հայ հանրության վրա հոգեբանական ճնշում գործադրելով զիջումներ պարտադրել Հայաստանի իշխանություններին բանակցային գործընթացում: «Ռազմինֆո» մասնագիտական կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն Ադրբեջանի այս քաղաքականությունը որակում է փակուղային: Ադրբեջանն ընդամենը կրում է մեծ կուրուստներ, իսկ հայկական կողմն էլ սադրանքների ճնշման տակ որևէ զիջման չի պատրաստվում գնալ: Փորձագետը բացառում է տեսակետը, թե սահմանային լարվածությամբ Ադրբեջանը պատերազմ է հրահրում: Ադրբեջանը վախենում է պատերազմից նախ տնտեսական պատճառներով: Նավթի վաճառքի հաջողակ բիզնեսը կորցնելու հեռանկարը Ալիևների ընտանիքին ամենևին չի գայթակղում:
ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն եթե կազմակերպության անդամ-պետություններից մեկը ենթարկվում է ագրեսիայի, ապա անդամ-պետությունների կողմից այդ ագրեսիան դիտարկվում է որպես ագրեսիա ընդդեմ պայմանագրի բոլոր անդամ-պետությունների: Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր անդամներից է և 1992 թվականի մայիսի 15-ից Ռուսաստանի ու կազմակերպության այլ անդամ պետությունների հետ ռազմական դաշինքի մեջ է, սակայն կազմակերպությունն այդպես էլ չարձագանքեց հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողություններին: Լրագրողի այս դիտարկմանը փորձագետը հակադարձեց.«Իսկ մի՞թե Հայաստանը նման խնդրանքով դիմել է ՀԱՊԿ-ին»:
«Իրականում ՀԱՊԿ-ին դիմելու կարիք մենք չունենք, որովհետև մեր խնդիրները մենք առայժմ հաջողությամբ լուծում ենք»:
Պաշտպանության ոլորտում Հայաստանի իրականացրած քայլերը կրկնօրինակելն ու կապկելը Ադրբեջանում, կարծեք, ավանդույթ է դառնում: Օրերս հայտնի դարձավ, որ Տավուշի սահմանամերձ գոտու օրինակով հակառակորդն արդեն պաշտպանական պատ է կառուցում, իսկ Հայաստանում անցկացվող «Շանթ 2015» զորավարժություններից ոգևորված շտապեց հայտարարել Ադրբեջանում անցկացվող լայնամաշտաբ զորավարժությունների մասին, որոնք ըստ ՀՀ ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանի, իրականացվում են միջազգային պայմանագրերի խախտմամբ:
Սահմանային իրավիճակն արդյունավետ վերահսկելու և օբյեկտիվ գնահատականներ տալու համար, ըստ փորձագետի, մինչ օրս գործող դիտորդական առաքելությունների փոխարեն պետք է ստեղծվեն փոքրիկ և առավել ճկուն խմբեր, որոնք անգամ կհերթապահեն սահմանամեձ գյուղերում և խաղաղ բնակչության դեմ իրականացված ցանկացած ոտնձգություն կարձանագրեն տեղում: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին ու բանակացությունների միջոցով խնդրի կարգավորմանը: Կարեն Վրթանեսյանի ձևակերպմամբ այդ գործընթացը տուժեց Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ բանակցային գործընթացում Ադրբեջանը ադեկվատ գործընկեր չէ: