ԿարևորՀասարակություն

Օրենքի չիմացությունը կարող է ազատել պատասխանատվությունից. նոր Քրօրի քննարկումները

lusinevasilyan

Քրեական նոր օրենսգիրքն  արդեն մշակված է, աշխատանքային խմբի անդամները սպասում են շահագրգիռ կառույցների առաջարկներին ու դիտողություններին: Դրանք ամփոփելուց հետո նախագիծը կուղարկվի Ազգային ժողով: Այսօր հրավիրված քննարկմանը  մասնագետները խոսել են հիմնական փոփոխությունների մասին: Իսկ դրանք քիչ չեն. առաջարկվում է վերանայել պատժի համակարգը, ընդլայնել ազատազրկմանը այլընտրանք հանդիսացող պատժատեսակների  կիրառումը, վերաձևակերպել ու հստակեցնել մի շարք սկզբունքներ, նաև նոր ինստիտուտներ ներդնել:

 

Քրեական գործող օրենսգիրքն ընդունվել է մոտ 10 տարի առաջ, գործողության մեջ է մտել 2003թ. օգոստոսի 1-ից: Այս  տարիների ընթացքում  այն մոտ  100 անգամ  փոփոխությունների  և լրացումների է ենթարկվել: Դրանք արդյունավետ չեն եղել, այսօր ասում են մասնագետները՝ ընդգծելով, որ փոփոխություններից շատերն արվել են պահի ազդեցության տակ, կոնկրետ խնդիր լուծելու նպատակով: Արդյունքում՝  ոչ թե շտկել են  իրավիճակը, այլ՝ ավելացրել հակասությունները:

Քրեական նոր օրենսգրքի ընդունում նախատեսում էր դատաիրավական բարեփոխումների 2012-16 թթ ծրագիրը: Աշխատանքային խումբը մեկ տարուց ավելի աշխատում է այս փաստաթղթի մշակման վրա: «Պաշտոնական շրջանառության մեջ է, հիմա  դիտողություններ առաջարկներ ենք ստանում, դրանք ամփոփելուց հետո ԱԺ կներկայացնենք», ասում է արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը։

Նա ժամկետներ չի նշում, փոխարենը խոսում է  փոփոխությունների հիմնական շրջանակի մասին: «Ամենակարևորը՝ պատժի համակարգն է վերանայվում, հիմքերն են հստակեցվում, հանցակազմերի ձևակերպումները: Ընդլայնվում է ազատազրկմանը այլընտրանք հանդիսացող պատժատեսակների  կիրառումը, ազատազրկումը դառնում է բացառիկ միջոց, փորձ է արվում ներդնել իրավաբանական անձանց պատասխանատվության ինստիտուտը»:

Վերջին փոփոխությունն այսօր հրավիրված քննարկման առանցքային հարցերից մեկն էր: Գերմանիայի դաշնային Գերագույն դատարանի դատավոր Հեննինգ Ռադթկեն ներկայացնում էր  իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության միջազգային փորձը : Աշխատանքային խումբը սա կարևոր խնդիր  է համարում, բայց  չի ժխտում, որ  վիճահարույց ոլորտ է և  բազմաթիվ հարցեր հստակեցման կարիք ունեն:

Փաստաթուղթը  մշակող աշխատանքային խմբի ղեկավար Արա Գաբուզյանը վերջնական լուծումը քաղաքական որոշման հարց է համարում: «Այստեղ մի շարք նրբություններ կան։ Այս ինստիտուտը նորություն է մեզ համար, և մասնագիտական հանձնաժողովը գտավ, որ իրավաբանական անձանց պատասխանատվության հարցը, ըստ էության, քաղաքական որոշման հարց է։ Աշխատանքային խումբն այդպիսի պատասխանատվություն չի վերցնի պնդելու, որ օրենքով պետք է ամրագրվի իրավաբանական անձանց պատասխանատվության հարցը»:

Արա Գաբուզյանն ասում է, որ  գործող օրենսգիրքը հիմնված է «արարքի հայեցակարգի» վրա, նորը  փորձելու է դրան   զուգակցել  «անձի հայեցակարգը»: Որպես կարևոր ոլորտ՝  առանձնացնում է նաև  մեղքի պատասխանատվության սկզբունքը: Այս մասով հեղինակները  փորձել  են քրեական օրենսգրքում նոր մոտեցումներ արմատավորել, օրինակ այն, որ օրենքը չիմանալը երբեմն կարող է ազատել պատասխանատվությունից:

«Մեր քրեական օրենսգիրքը հիմնվում է դեռեւս հռոմեական իրավունքից եկած այն դասական դրույթի վրա, որ օրենքը չիմանալը չի ազատում պատասխանատվությունից, բայց աշխարհի զարգացած երկրներում գրեթե ոչ մի երկրի քրեական օրենսգրքում այս սկզբունքը կարծրացած սկզբունք չէ. Օրենքը չիմանալը շատ դեպքերում կարող է ազատել քրեական պատասխանատվությունից»:

Բոլոր լուծումները թեր և դեմ կողմեր ունեն, մասնագետները դրանք դեռ քննարկում են: Բայց կա առանցքային մեկ  հարց, որը վերաբերում է բոլոր օրենքներին՝ անկախ դրանց լավը կամ վատը լինելուց: Խոսքը օրենքի կիրառման մասին է

 

Back to top button