Որքանո՞վ են սահմանադրական բարեփոխումներն ապահովում մարդու իրավունքները. իրարամերժ կարծիքներ


Քրիստոնեաժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն ու Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը բանավեճի էին հրավիրված: Իշխանամետ ու ընդդիմադիր գործիչների կարծքիները համընկել են սահմանային վերջին միջադեպերի հարցում եւ իրական բանավեճն սկսվել է, երբ թեման Սահմանադրական բարեփոխումներին է հասել:
«Սահմանային վերջին միջադեպերն աննախադեպ էին նրանով, որ կարծես թե այլ տրամաչափի զինատեսակներ էին օգտագործում, լարվածությունն էլ հայ-ադրբեջանական սահմանին»,- Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը վերջին օրերին սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ հնչող կրակոցների մասին դիտարկումներին հակիրճ էր։ Ավելին՝ նա կիսում է Քրիստոնեաժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի կարծիքը, որը սահմանի հետ կապված քաղաքական որոշումներում իշխանության զգուշավորությունը դրական է գնահատում։
«Ճիշտ է, որ զգուշավոր է, չի կարելի հասցնել մեծ բախման: Մյուս կողմից էլ՝ հասկանալի է, որ դու զգուշավոր ես վերաբերում, դիմացինները կամ թշնամի ուժերը, որոնք Հայաստանի դեմ գործողություններ են իրականացնում, դա միայն Ադրբեջանը չի։ Ադրբեջանը դա ինքնագլուխ չի անում: Հուսով եմ և համոզմունք ունեմ, որ պատերազմ չի լինի»։
Սոս Գիմիշյանի ու Արտակ Դավթյանի կարծիքները միայն այս հարցում էին համընկնում, բանավեճն իր հունի մեջ մտավ, երբ թեման Սահմանադրական բարեփոխումներին հասավ: ՀՀԿ-ական պատգամավորը մեկ անգամ ևս առնաձնացրեց այն 4 հիմնական կետերը, որոնք էլ Մայր օրենքի փոփոխության հիմքն են դարձել՝ ժողովրդավարության կայուն հիմքերի հաստատում, մարդու իրավունքների պաշտպանություն, կառավարման արդյունավետ համակարգ, անկախ ու անաչառ դատարաններ ունենալու հրամայական:
Քրիստոնեաժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահի մտահոգությունները շատ են։ «Չեմ տեսնում որևիցե մի դրույթ, որ ասվում է, որ մարդն ավելի պաշտպանված լինի: Լավ է հանեցին, սկզբից կար նաև սպանելու իրավունքը: Մյուսը՝ ՀՀ քաղաքացուն կարող ենք հանձնել այլ պետություն։ Ա՛յ թե պաշտպանության ձև է»:
Հնչող բոլոր մեղադրանքներին ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը հակադարձում է, Սահմանադրական փոփոխություններին վերաբերող Գիմիշյանի դիտարկումների հետ «մեղմ ասած համամիտ չէ: Նա վստահեցնում է՝ մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները գերակա են պետությունից ու պետական շահից»։
«Երրորդ հոդվածը, դա մարդու արժանապատվությանն է վերաբերվում։ Սա որպես անփոփոխելի հոդված: Այս Սահմանադրության նախագծի մեջ ամրագրվում է: եթե նախկինում մենք ունեինք ընդամենը երկու հոդվածներ, առաջինը, որ սահմանում էր , թե ինչպիսի պետություն է ՀՀ-ն, երկրորդը՝, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Երրորդ հոդվածը, որտեղ ֆիքսում է մարդկային արժանապատվությունը, որը բոլոր իրավունքների ու ազատությունների հիմքն է։ Սա ևս որպես անփոփոխելի հոդված: Եվ այս Սահմանադրության ամենակարևոր առաքելություններից մեկն այն է, ինչը նշանակում է մարդու իրավունք, և ո՞րն է առաջնայինը՝ պետությո՞ւնը, թե՞ մարդը։ Մարդն առաջնային է, և պետությունն ուղղակի սահմանափակ է մարդու հիմնական իրավունքերով ու ազատություններով»:
Գիմիշյանը ուշադիր լսեց բոլոր փաստարկները, սակայն, մնաց իր կարծիքին հավատարիմ. նա համոզված է՝ «իշխանությունը պատկանում է ժողովրդին» հոդվածը ոչ մի բան չի տալու, այն դեկլարատիվ բնույթ է կրում: Արտակ Դավթյանն էլ իր հերթին լսեց Սոս Գիմիշյանի մտահոգությոնները, հորդորեց առաջարկությունները հանձնաժողովին ներկայացնել:
Քրիստոնեաժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահը, սակայն, 2005թ փորձն աչքի առաջ ունենալով, մերժեց հորդորը՝ «2005թ 13 առաջարկություն եմ ներկայացրել, մասնակցել եմ կազմակերպված շոուին, արդյունքը՝ զրո էր, ես էլ՝ խաբված»,- ասաց: