Քաղաքական

ԵՄ պատվիրակության ղեկավարին ներկայացվեց սահմանում տիրող իրավիճակը

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր հանդիպում ունեցավ Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար, խորհրդական Դիրկ Լորենցի հետ:

Դիվանագետը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալին ներկայացրեց պատվիրակության քաղաքական հարցերով նորանշանակ պատասխանատու Անդրեա Խալուպովային:

Իր հերթին Դավիթ Տոնոյանը հյուրին տեղեկացրեց ս.թ. սեպտեմբերի 3-ից 6-ը Հայաստանում անցկացված «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների, դրանց նպատակի և շրջանակների մասին:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ներկայացրեց նաև վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը և տեղի ունեցած միջադեպերի մանրամասները: Դավիթ Տոնոյանը մտահոգություն հայտնեց հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախակիացման, մեծ տրամաչափի զինատեսակների օգտագործման կապակցությամբ:

Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար, խորհրդական Դ. Լորենցը վերահաստատեց ԵՄ-ի մտահոգությունները և հորդորները` տեղում զսպվածություն ցուցաբերելու, հրադադարը խստիվ պահպանելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շուտափույթ խաղաղ և համընդգրկուն կարգավորման ուղղությամբ ջանքերը շարունակելու մասին:

Back to top button