Տնտեսական

Հրաժեշտ դոլարին ու եվրոյին` գործարքների մեկ քայլ հեշտացում. տնտեսագետ

lianaeghiazaryan
Ֆինանսական գործարքների ոչ թե մեկ քայլով դժվարացում, այլ մեկ քայլով դյուրացում, սա է ակնկալում տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին նախաձեռնությունից, որը ենթադրում է հատուկ օրինագծի ընդունմամբ հրաժարվել դոլարից և եվրոյից որպես ԱՊՀ միջանկյալ արժույթ: Սա, իհարկե, պահանջում է տարիներ, բայց խիստ իրատեսական է ու ԵՏՄ տարածքում միասնական արժույթի անցնելու առաջին քայլն է, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում վստահություն է հայտնել տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

 

Եվրասիական տնտեսական միությունում արժութային տրամադրությունները նոր փոփոխությունների են ենթարկվում: ՌԴ Պետդուման ներկայում քննարկում է նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայացրած օրինագիծը, որով, հիշեցնենք, առաջարկում է հրաժարվել դոլարից և եվրոյից որպես ԱՊՀ միջանկյալ արժույթ: Պաշտոնական Կրեմլի հաղորդագրության համաձայն` կստեղծվի մեխանիզմ, որը թույլ կտա հրաժարվել փոխադարձ հաշվարկներում որպես միջանկյալ արժույթ օգտագործվող դոլարից ու եվրոյից:

«Կողմերի ռեզիդենտ բանկերն անմիջական մուտք կունենան միմյանց ներքին արժութային շուկա` միջբանկային կոնվերսիոն գործողություններ կատարելու նպատակով, ընդ որում` սա կլինի ոչ պակաս շահավետ պայմաններով, քան այն պայմաններն են, որ առաջարկում են ազգային առևտրային բանկերը»,-խոստում է տրվում Կրեմլի հաղորդագրությամբ: ՌԴ կառավարությունը գտնում է, որ այդպիսով ազգային արժույթներն արտաքին առևտրի ոլորտում ավելի լայն կիրառում կգտնեն վճարումների և ֆինանսական ծառայությունների տրամադրման ժամանակ, և այդպիսով նախադրյալներ կստեղծվեն ազգային արժույթների շուկայի լիկվիդայնության բարձրացման համար:

3-5 տարի` պարտադիր, նվազագույնն այսքան կպահանջվի, մինչեւ նախատեսվածը կյանքի կոչվի, համոզմունք է հայտնում տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն ու օրինակ բերում`«2000 թվականին դոլարն աշխարհում եղել է 71–72 տոկոս, հիմա իջել է 61-62 տոկոսի, այսինքն` եվրոն կարողացել է դրա ծավալները փոքրացնել ընդամենը 10 տոկոսով: Հիմա պատկերացրեք` եթե առեւտրաշրջանառության շատ ավելի փոքր ծավալներով երկիրն է դա փորձում անել: Հարմարվելու համար ժամանակ է պետք»:

Դոլարից ու եվրոյից հրաժարումը ԵՏՄ տարածքում 25 տարվա ընթացքում միասնական արժույթի անցնելու առաջին քայլն է ու իր հիմքում ունի Չինաստանի փորձը, հայտարարում է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: Նույն Չինաստանը Ռուսաստանի, ինչպես եւ 40 այլ երկրի հետ այդօրինակ պայմանագիր ունի, նման պայմանագրերը տնտեսագիտական լեզվով կոչվում են վալյուտային սվոփեր, որոնց առաջին հերթին պետք է պատրաստվեն բանկերը, ձեռնարկությունները`որպես առաջին քայլ իրենց պայմանագրերը վերանայելով ու վերաձեւակերպելով այլ արժույթներից ռուսականի` դրան գնալով նախ առանձին գործարքներով:

«Սա մի քայլ հեշտացում է այն պարզ պատճառով, որ միջնորդավորված վալյուտան, որն այս դեպքում կարող է լինել դոլարը, մեջտեղից դուրս է գալիս»:

Դոլարից և եվրոյից ամբողջությամբ հրաժարում չի լինի, պահուստների տեսքով այդ արժույթներն ամեն դեպքում կպահվեն`ներմուծման և արտահանման տարբերությունն ինչ-որ արժույթով ծածկելու համար: Այս փոփոխությունն ամենաուղիղ ազդեցությունը կունենա Ռուսաստանի տնտեսությունից մեծապես կախված հայաստանյան տնտեսության վրա: Մեր երկրի արտաքին առեւտրաշրջանառության ծավալների մեջ արտահանման շուրջ 10 տոկոսն է բաժին ընկնում Ռուսաստանին, ներմուծման` մոտ 33 տոկոսը: Նման հարաբերակցության պայմաններում միջանկյալ արժույթից հրաժարումը ավելի ուղիղ ու փոխարժեքային ռիսկերից առավել զերծ տնտեսական գործակցություն է ենթադրում, վստահ է տնտեսագետը: Ֆինանսական գործարքների ոչ թե մեկ քայլով դժվարացում, այլ մեկ քայլով դյուրացում, սա է պետք ակնկալել, վստահ է զրուցակիցս:

Back to top button