Եվրոպայի Ազատ Դաշինքի անդամները խոստանում են Արցախի ձայնը հասցնել Եվրախորհրդարան


Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ
Արցախի ժողովրդավարական կուսակցությունն այս տարվա ապրիլին դարձավ Եվրախորհրդարանում 12 մանդատ ունեցող Եվրոպայի Ազատ Դաշինքի ասոցացված անդամ: Արցախյան կուսակցությանը նման կարգավիճակ տալու համար ԵԱԴ-ը նույնիսկ կանոնադրություն էր փոխել, քանի որ մինչ այդ այն զուտ եվրոպական կուսակցությունների դաշինք էր, որը պատշտպանում է Եվրամիության տարածքում ինքիշխանության, ինքորոշման և ինքնաճանաչման ձգտող տարածքներն ու ժողովուրդներին: Արցախյան կուսակցության հետ համագործակցություն սկսելով՝ ԵԱԴ-ի անդամները նաև հայտարարում են, որ պատրաստ են Արցախի ձայնը հասցնել Եվրախորհրդարան: Այդ մասին Ստեփանակերտում հայտարարել է Դաշինքի նախագահ Ֆրասուա Ալֆոնսին: Նրա խոսքով իրենք պատրաստ են հասնել նրան, որ Եվրոպական խորհրդարանը ինքնորոշման հարցում իր աջակցությունը հայտնի Արցախին: «Կարծում եմ, քաղաքական և նյութական աջակցությունը շատ կարևոր է, որպեսզի Ձեր պահանջները չխեղդվեն և լինեն հարգված», — ասել է Ֆրանսուա Ալֆոնսին:
Արցախ այցելած պատվիրակության անդամ Եվրոխորհրդարանի պատգամավոր Ջորդի Սեբաստյան Ստեփանակերտում ասել է, որ Եվրոպական ազատ դաշինքի ոչ բոլոր կուսակցություններն անդամ ունեն Եվրախորհրդարանում, բայց ներկայացված պատգամավորները բոլոր կուսակցությունների ձայնն են և քաղաքական գործիք են,որով գործընկերների համար Եվրախորհրդարանի հետ թեժ գիծ է ապահովվում:
«Այժմ նաև Արցախի Արցախի ժողովրդավարական կուսակցության համար»,- հայտարարել է Ջորդի Սեբաստյան, նշելով, որ իրենք որոշակի քաղաքական ուղեգծեր են հետապնդում Եվրախորհրդարանում և դրանցից մեկն էլ այն է, որ խրախուսեն, որպեսզի Եվրամիությունը անմիջական հարբերություններ ունենա Արցախի հետ և ինչպես այլ երկրներում այնպես էլ Արցախում ներկայացուցիչ ունենա:
«Ռադիոլուր»-ի այն դիտարկմանը, թե վերջին տարիներին Հարավային Կովկասում Եվրամության հատուկ ներկայացուցիչը խուսափում է Լեռնային Ղարաբաղ այցելելուց ԵԱԴ-ի նախագահ Ֆրասուա Ալֆոնսին ասել է. «Դրանով ինքն իր համար դժվարություններ է ստեղծում: Նամակներ է ստանալու, հարցադրումներ: Նրան կպարտադրեն, որ խոսի Ղարաբաղի մասին: Մենք դա արել ենք Պաղեստինի դեպքում: Ստիպել ենք, որ նա մեզ ուղեկցի այդ տարածք, և առաջին պահանջը եղել է այն, որ ոչ թե մի կուսակցություն այցելի, այլ մի ողջ պատվիրակություն: Եւ այդ պատվիրակությունը պարտադրված էր այցելել այդ երկիրը»:
Ֆրանսիացի գործընկերոջ հետ ԼՂՀ ԱԺ նախագահ, ԱԺԿ նախագահ Աշոտ Ղուլյանը համաձայնել է, նշելով, որ եթե Հարվային Կովկասում ԵՄ Հատուկ ներկայացուցիչը իր մանդատի պահանջները և վերջերս Եվրամիության ազատականացրած դրույթները, որոնց համաձայն ԵՄ կարող է աշխատել նաև չճանաչված երկրների հետ, չի կատարում, նշանակում է, որ նա խնդիրներ ունի ինքն իր հետ:
Եվրոպական ազատ դաշինքի անդամները Ստեփանակերտ են այցելել ԼՂՀ օրվա տոնակատարություններին մասնակցելու նպատակով: Ստեփանակերտում ԵԱԴ-ի և Արցախի ժողովրդավական կուսակցության միջև համագործակցության հռչակագիր է ստորագրվել,որ կետերից մեկը նախատեսում է Ներգրավել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային գործընթացների մեջ, ինչպես նաեւ ԵՄ հաստատություններում ու մարմիններում, եւ նպաստել Արցախի ներկայացուցիչների մասնակցությանը այդ հարթակներում՝ սատարելով նրա միջազգային ճանաչմանը: