Աշակերտների թիվն Արմավիրում ավելացել է


Արմավիրի մարզում այս տարի ավելացել է աշակերտների թիվը, առաջին դասարան է հաճախել 3749 աշակերտ: Աշակերտների թվի աճը պայմանավորված է նաև ներգաղթով: Մարզի դպրոցների մի մասը նորոգված է, մյուսները սպասում են իրենց հերթին:
Շաբաթվա սկզբին դպրոցական առաջին զանգն ազդարարեց նոր ուսումնական տարվա սկիզբը և հազարավոր երեխաներ ամառային հանգստից հետո կրկին վերցրին դպրոցական պայուսակներն ու գնացին դպրոց: Կրթօջախների մի մասում մասնակի նորոգումներ են արվել, մի մասում՝ ընթացքի մեջ է, բայց կան դպրոցներ, որոնք սպասում են վերանորոգման իրենց հերթին: Փարաքարի հիմնական դպրոցում սեփական ուժերով և համայնքապետարանի մասնակի օժանդակությամբ կարողացել են որոշակի աշխատանքներ կատարել: Փարաքարի հիմնական դպրոցը 1937 թվականի կառույց է և վերջին անգամ վերանորոգվել է 25 տարի առաջ:
Տանիքը վնասված է և երեխաները հորդառատ անձրևների ժամանակ կաթոցների տակ են դասերն անցկացնում: Դպրոցի տնօրեն Կարինե Մակարյանը տեղեկացրեց, որ որ ամեահրատապ խնդիրը տանիքի նորոգումն է, նշեց, որ հույսը չեն կորցրել և մարզպետը առաջարկել է նախագծա-նախահաշվային աշխատանքներ իրականացնել և ներկայացնել՝ հաջորդ տարում մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրում ընդգրկելու նպատակով: Այս տարի Փարաքարի հիմնական դպրոցում ավելացել է աշակերտների թիվը նախորդ տարվա 135 աշակերտի դիմաց այս տարի 167 աշակերտ է հաճախում: Առաջին դասարանում 22 աշակերտ է սովորում՝ 11 աղջիկ և 11 տղա:
Դասագրքերով ապահովված են: Ընդհանուր առմամբ այս ուսումնական տարում մարզի բոլոր դպրոցներում ավելացել է աշակերտների թիվը, այն գրեթե հասնում է 31100-ի, իսկ առաջին դասարն է հաճախել 3749 երեխա: Վաղարշապատի թիվ 9 հիմնական դպրոցում ընդհանուր թվով այս տարի 70 աշակերտով ավելացել է դպրոցականների թիվը, այս ուստարում ունեն 640 աշակերտ: Դպրոցի տնօրեն Մարիետա Սամվելյանը նշեց, որ այն պայմանավորված է ոչ միայն ծնունդներով, այլև ներգաղթով, ինչպես Ռուսաստանից, Ուկրաինայից և այլ հանրապետություներից, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերից:
Վաղարշապատի Ռաֆայել Պատկանյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցը նաև ռուսական ուսուցմամբ է, որտեղ առաջին դասարան է հաճախել 17 աշակերտ, իսկ հայկական բաժնում բացվել է 3 առաջին դասարան՝ 75 աշակերտով:
Դպրոցում արդեն 3 տարի իրականացվում է ներառական կրթություն, որտեղ սովորում է թեթև խնդիր ունեցող 30 երեխա: Նրանց հետ աշխատում են հատուկ մասնագետները:
Անդրադառնալով կառույցին նշեմ, որ դպրոցը 37 տարվա պատմություն ունի և թեթև վերանորոգվել է երկրաշարժից հետո: Դպրոցի 7 մասնաշենքից 3-ի տանիքը նորոգվել է անցած տարի: Դպրոցում կա լոկալ ջեռուցման համակարգ, սակայն պատուհանների ու դռների հնամաշության պատճառով ջերմության կորուստը մեծ է: Տնօրենը հույս հայտնեց, որ տարիներ անց իրենք էլ կունենան արդի պահանջներին համապատասխան դպրոց: