Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկում է ժամանակավոր իշխանություն ձեւավորել

lenabadeyan

Հայաստանի նախագահի նստավայրում ընթացող քաղաքական խորհրդակցություններին սահմանադրական բարեփոխումների շուրջ հակադարձ քայլ է անում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Այսօրվանից նա էլ նախաձեռնում է քաղաքական եւ հասարակական կառույցների հետ հանդիպումներ՝ քաղաքական կոնսոլիդացիայի անցնելու համար: Այսօր նա դիմել է բոլորին՝ ներել մեկը մյուսի սխալները եւ վերջապես միախմբվել՝ ժամանակավոր իշխանություն ստեղծելու համար: Առաջին հանդիպումը Րաֆֆի Հովհաննիսյանն ունեցել է Ժիրայր Սեֆիլյանի հետ:

 

«Թունավոր ծառը բարի պտուղ չի կարող տալ». «<Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այս մեկ նախադասությամբ է բնութագրում սահմանադրական բարեփոխումների ընթացքը՝ այս ամենում տեսնելով կուսակցապետություն ստեղծելու վտանգը:

Որպես հիմնավորում ներկայացնում է սահմանադրական նոր՝  խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի եւ «կայուն մեծամասնություն» գաղափարի մասին կետերը։

«Առաջարկվող փաստաթղթի անգամ հպանցիկ ընթերցումը ցույց է տալիս, որ նպատակը մեր հասարակությունը ստրկացնելն է ոչ թե մեկ մարդու, այլ մի նստավայրի, այլ՝ մի կուսակցության: Նոր այս փաստաթուղթը հագցնելով Հայաստանին՝ որեւէ փոփոխություն չի լինելու մեր պետական որակի մեջ:

Սա է պատճառը, ինչպես նաեւ ժամանակին «Ժառանգության» առաջարկների մերժումը, որ կուսակցությունը չի ընդունում բարեփոխումներն ու չի գնում նախագահի նստավայր կոնսուլտացիաների: Բայց եւ Րաֆֆի Հովհաննիսյանը չի մեղադրում այն ուժերին, որոնք արդեն գնացել են: Պարզապես ասում է. դատավոր չէ՝ ոչ դատապարտում է, ոչ՝ դատում, ուղղակի ի գիտություն է ընդունում քայլն այն ուժերի, ովքեր սեղմեցին Սերժ Սարգսյանի ձեռքը:

Ի դեպ՝ առաջին կոնսուլտացիների ժամանակ այդ ձեռքը սեղմել էր նաեւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ լավ իմանալով «Ժառանգության» դիրքորոշումը: Այն, որ կուսակցության ներսում կան կարգապահական խնդիրներ, Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր չհերքեց ու նույնիսկ հաստատեց, որ կուսակցության վարչության նիստում քննարկվել է այդ հարցը: Կարծում է, որ այլեւս ի պաշտոնե նման հանդիպումներ չեն լինի:

«Այո, մենք ունենք տարբեր ոճերի մոտեցում, դա նաեւ մեր ուժն է, բայց եթե որեւէ մեկն այլ մոտեցում ներկայացնի, դա անձնական կարծիք է: Այո, մենք ունենք կարգապահական խնդիր, որ պետք է լուծենք: Ես չեմ կարծում, որ ի պաշտոնե նման հանդիպում տեղի կունենա: Դա կլինի անհատական եւ ես անհատական հանդիպումների հակառակորդը չեմ՝ ով ուզում է մեր երկրում կարող է որեւէ մեկի հետ հանդիպել»:

Նախկինում թույլ տված քաղաքական սխալների համար «Ժառանգության» ղեկավարը նույնպես ոչ մեկի չի մեղադրում: Ավելին՝ առաջարկում է «ամեն մեկը ների մյուսի սխալները»

լայն քաղաքական կոնսոլիդացիայի հասնելու համար:

Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկով, քաղաքական կոնսոլիդացիայի արդյունքում պետք է ունենանք ժամանակավոր իշխանություն, որը կկարողանա առաջին անգամ ապահովել արդար ու թափանցիկ ընտրություններ: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը չի բացառում, որ իր ղեկավարած կուսակցությունը կմիանա «Ոչ»- ի ճակատին: Արդեն հանդիպել է Ժիրայր Սեֆիլյանի հետ եւ այսօրվանից դիմելու է այլ քաղաքական ուժերի՝ համախմբվելու առաջարկված մոտեցման շուրջ:

Back to top button