ԿարևորՔաղաքական

Տասնյակ հարցեր ու պատասխաններ. սահմանադրական փոփոխությունների շուրջ լսումներ ԱԺ- ում

lusinevasilyan

ԱԺ պատգամավորները, քաղաքացիական հասարակության և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներն այսօր Ազգային ժողովում քննարկել  են սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված  լսումներով, ըստ էության,  մեկնարկում է բարեփոխումների  քննարկման խորհրդարանական փուլը:  Նախագիծը, ինչպես հայտնի է, հանրաքվեից առաջ պետք է ստանա խորհրդարանի հավանությունը: ԱԺ նիստերի դահլիճում այսօր  նախագծի տարբեր դրույթներին առնչվող   մի քանի տասնյակ հարց է հնչել՝  սկսած լրջագույններից, թե պատերազմական իրավիճակում գտնվող երկիրն ինչպես կարող է անցում կատարել խորհրդարանական համակարգին, մինչև տարընթերցելի հարցեր՝ ինչո՞ւ է, օրինակ,  նախագծում հայկական ընտանիքը կոչվում բազմացման հիմք: Լսումներին, ի դեպ, մասնակցել են բոլոր խմբակցությունը, այդ թվում ընդդիմադիր ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», որոնք մերժում են սահմանադրական բարեփոխումների գործընթացը:

 

Հանրապետության նախագահին, ամենայն հավանականությամբ, կընտրեն ոչ թե  ընտրիչները, այլ Ազգային ժողովը: Խորհրդարանական կայուն մեծամասնություն ապահովելու նպատակով երկրորդ փուլի անցկացման դրույթը թերևս տեղ կգտնի ոչ թե Սահմանադրության մեջ, այլ՝ «Ընտրական օրենսգրքում», ընդ որում՝ ոչ թե որպես պարտադիր, այլ՝ հայեցողական հնարավորություն:

Սրանք այն նոր լուծումներն են, որոնց հակված է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը և որոնց մասին այսօր խորհրդարանում հրավիրված լսումների ժամանակ  խոսեց  հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:

Նա և Հրայր Թովմասյանն այսօր խորհրդարանում պատասխանում էին պատգամավորների, ՀԿ-ների ու արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հարցերին, հիմնավորում այն դրույթները, որոնք  տեղ են գտել մասնագիտական հանձնաժողովի կողմից շրջանառության մեջ դրված և արդեն խորհրդարան ներկայացված  նախագծում: Հարցերը տարբեր էին, բայց մի քանիսը առանցքային  բոլորի համար:

«Ես ներողություն եմ խնդրում, որ ստիպված մասնակցում ենք այս քննարկումներին: Սահմանին լարված վիճակ է,ու ես չեմ կարծում, որ հանրապետությունն այս պահին պետք է գնա սահմանադրական փոփոխությունների»:

Հրանտ Բագրատյանի այս դիտարկումը Նաիրա Զոհրաբյանի կողմից որպես հարց ձևակերպվեց. որքանո՞վ է նպատակահարմար պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար անցումը խորհրդարանական համակարգի:

Պատասխանն իրավական էր: Վարդան Պողոսյանն առաջարկեց պատկերացնել հետևյալ իրավիճակը, « երբ գլխավոր հրամանատարը չունի պառլամենտական մեծամասնության  աջակցությունն ու այն կառավարությունը, որն իրեն սատարում է»։

Այս իրավիճակն  այսօր չունենք, բայց կարող է ունենայինք: Համենայն դեպս՝ գործող Սահմանադրությունը դրա հնարավորությունը չի բացառում: «Այն համակարգը, որն այսօր ունենք, վատ է հենց այն պատճառով, որ հնարավորություն չի տալիս միասնական ձևով դիմագրավել արտաքին մարտահրավերներին: Եթե հանրապետության նախագահը  երկրի գլխավոր հրամանատարն է, բայց չի կարող մոբիլիզացնել երկրի բոլոր ռեսուրսները, հարց է առաջանում, թե ինչ է իրեն տալիս երկրի գերագույն հրամանատար տիտղոսը: Ոչինչ»:

Վարդան Պողոսյանի պարզաբանմամբ՝ խորհրդարանական համակարգը թույլ չի տալիս այն  իրավիճակը, երբ ռեսուրսներն ու պատասխանատվությունը տարբեր տեղերում են, բացառում է իշխանության երկփեղկման հնարավորությունը: Հենց այս փաստարկներով է հանձնաժողովը հիմնավորում, որ անցումը խորհրդարանական համակարգին անհրաժեշտ է հիմա և ոչ թե ասենք մի քանի տարի հետո:

Ամանաշատ քննարկվող հարցերից մեկը՝ կայուն մեծամասնության և այն ձևավորելու համար ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու դրույթն է, որը Վենետիկի հանձնաժողովն առանձնապես չէր ողջունել: Հանվելո՞ւ է այն նախագծից,  թե՞ ոչ՝ Նաիրա Զոհրաբյանի հարցին պատասխանելով՝ Վարդան Պողոսյանը նշեց, որ  Վենետիկի հանձնաժողովի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել դրույթը «Ընտրական օրենսգիրք» տեղափոխել և այն հայեցողական նորմ դարձնել։

Իսկ ընդհանրապես խորհրդարանում կայուն մեծամասնության անհրաժեշտության դրույթն ամրագրվել է երկրի կառավարման համակարգում անկայունությունից խուսափելու համար. սա արդեն Հրայր Թովմասյանի պարզաբանումն էր: Նա նշեց, որ  խորհրդարանական համակարգ ունեցող բոլոր երկրները տարբեր եղանակներով են փորձել լուծումներ գտնել այդ կայունությունն  ապահովելու համար:

Մեր դեպքում չի վերցվել, օրինակ, բոնուսային մանդատների  տարբերակը, ընտրվել է երկորոդ փուլի կազմակերպումը: Սա մեկ այլ հարց առաջացրեց  Հրանտ Բագրատյանի մոտ. անընդհատ նշվում է, որ  կարևոր  հարցերը  խորհրդարանում ձայների 3/5-ով են ընդունվելու ու սա ներկայացվում է ընդդիմության  լիազորությունների մեծացման շրջանակում:  «Դուք ասում եք, որ ընդդիմությանն առաջարկում եք որոշում կայացնելու վրա ազդելու հնարավորություն ունենալ՝ կարևոր հարցերի քվեարկման ժամանակ մեծամասնության շեմ սահմանելով ձայների 3/5-ը։ Իսկ իշխանությունը շատ հանգիստ կվերցնի և կհավաքի իր համար անհրաժեշտ այդ 3/5-ը ու նորից ինքը կորոշի ամեն ինչ։ Այդ դեպքում ի՞նչ»:

Հրայր Թովմասյանը համարյա անառարկելիորեն վստահեցրեց. «Կգա ժամանակը, և ես կնայեմ ձեր աչքերի մեջ ու կասեմ` տեսնո՞ւմ եք, նման բան չկա»:

Ասվում է՝ այս Սահմանադրությունը մարդակենտրոն է՝ ի տարբերություն գործողի , որը, ըստ հանձնաժողովի անդամների , անձնակենտրոն իշխանական համակարգի վրա էր հիմնված: Հրանտ Բագրատյանի մյուս հարցը հենց մարդակենտրոնի մասին էր: «Ո՞նց եք համարում մարդակենտրոն, երբ 18 իրավունքի համար սահմանափակում  կա: Սահմանադրության մեջ 48 իրավունք կա, որից 18-ը սահմանափակվում է հասարակական կարգի պահանջով, 23 հոդվածով էլ  կարելի է մարդուն սպանել»:

Վարդան Պողոսյանն այս քննարդատության հետ ամենևին համաձայն չէր մի քանի փաստարկներով: Նախ ՝ իրավունքների սահմանափակումներ գործող Սահմանադրության մեջ էլ կան, երկրորդ՝ եղած սահմանափակումների ծավալը ճիշտ նույնն է, որքան Մարդու իրավուքների կոնվենցիայում, որևէ կետով ոչ ավելի, եթե ոչ պակաս: Եվ ընդհանրապես , քիչ իրավուքներ կան, որոնք սահմանափակման ենթարկա չեն, օրինակ՝ արժանապատվության իրավունքը կամ խոշտանգումների չենթարկվելու արգելքը: Կյանքի իրավունքը դրանց թվում չէ: Այն ծայրահեղ անհրաժեշտության դեպում կարող է սահմանափակվել:

Նախագծում այս դրույթն ամրագրվել է ՝ առանց դեպքերը մատնանշելու: Վարդան Պողոսյանը կարծում է, որ այդ թվարկման կարիքն այնուամենայնիվ կա: «Ես կարծում եմ, որ այդ հարցը դեռևս փակ չէ: Չմտածեն այնպես, որ կեղծ հումանիզմի նկատառումներից ելնելով պետությունը լեգիտիմ ուժ կիրառտելու իրավուքնից պետք է զրկենք»:

 

Back to top button